Օրենսդիրի խոսքով, լույս մայիսի 1-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում հայաստանցի սահմանապահները մանրամասնել են, որ ինքը «անցանկալի անձ» է երրորդ երկրի համար, չեն նշել այդ երկրի անվանումը, սակայն հրաժարվել են թույլատրել պատգամավորին մուտք գործել Հայաստան:
Երկուսուկես ժամ օդանավակայանում անցկացնելուց հետո Նայեմը, ի վերջո, կարողացել է հատել սահմանը՝ Երևանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցների ու երևանյան միջոցառման կազմակերպիչների ջանքերի շնորհիվ:
«Երկու հնարավարություն ունենք մուտք գործել որևէ երկիր՝ դիվանագիտական ու սովորական անձնագրով: Այս այցը պաշտոնական չէ, և այստեղ չեմ ներկայացնում Ուկրաինայի խորհրդարանը: Հրավերն ուղարկել էին մեր գործընկերները, ուստի, այստեղ եկա սովորական անձնագրով և այն ներկայացրեցի սահմանապահին: Երկար ստուգում էր փաստաթղթերս, հետո հայտարարեց, որ իմ անվան դիմաց նշում կա, թե չի կարելի մուտք գործել Հայաստան: Հարցրեցի՝ ինչու՞, ասացին՝ գրված է «անցանկալի անձ»: Իրենց համակարգչում կարմիրով գրված էր՝ «անցանկալի անձ»: Այնուհետև, այդ սահմանապահը հեռացավ, որոշ ժամանակ անց վերադարձավ ևս երկու հոգու հետ, նրանք սկսեցին հարցնել՝ ինչո՞ւ եմ եկել Հայաստան, ո՞վ եմ ես, ինչո՞վ եմ զբաղվում: Հետո կրկին գնացին, որոշ ժամանակ անց վերադարձան և ասացին՝ շատ կներեք, բայց Հայաստանը չէ, որ արգելում է ձեզ մուտք գործել, այլ առկա է երրորդ երկրի խնդրանք: Թե ո՞ր երկրի, ինձ չասացին, փոխարենը սկսեցին հարցնել միգուցե ե՞ս կարող եմ ենթադրել, թե որ երկրի մասին է խոսքը, միգուցե հասկանու՞մ եմ, թե որ երկիրը կարող է նման խնդրանք ներկայացնել: Ասում էի՝ չեմ պատկերացնում»:
Մուստաֆա Նայեմը Երևան է ժամանել՝ մասնակցելու Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի կողմից կազմակերպած հակակոռուպցիոն միջազգային քննարկմանը:
«Դեռ երկար նստեցի միգրացիոն ծառայությունում, որից հետո ինձ միացան Հայաստանում Ուկրիանայի հյուպատոսության աշխատակիցները, երևանյան միջոցառման կազմակերպիչները: Փաստաթղթղերն էին ստուգում, և մոտ երկուսուկես ժամից ինձ թույլատրեցին մուտք գործել Հայաստան: Հետո ես տեղեկացա մեր հյուպատոսությունից, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև կա կոորդինացիա անցանկալի անձանց գծով: Ես Ռուսաստանի կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց ցանկում եմ, և, ենթադրում եմ, այդ պատճառով էլ ինձ արգելում էին մուտք գործել Հայաստան: Որքան հասկանում եմ, սա առաջին դեպքը չէ: Մինչև այս եղել են նման պատմություններ մեր այլ պատգամավորների հետ, որոնք եկել են Երևան՝ մասնակցելու տարբեր միջոցառումների, և նրանց հետ կապված ևս հարցեր են եղել, որ նրանք «անցանկալի անձինք» են: Ավելի ուշ տեղեկացա, որ Հայաստանի սահմանային անցակետում հայաստանցիների հետ համատեղ ծառայություն են անցկացնում նաև Ռուսաստանի Անվտանագության դաշնային ծառայության աշխատակիցները»:
«Ազատությունը» դիմել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն՝ մեկնաբանություն ստանալու նպատակով: Դեռ պատասխան չունենք:
Հայաստանի Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը արձագանքել է տեղի ունեցածի վերաբերյալ Մուստաֆա Նայեմի ֆեյսբուքյան գրառմանը․ - «Հարգելի Մուստաֆա Նայեմ, պատգամավորական իմ իրավասությունների շրջանակում իրավուքն ունեմ միայն իմ անունից հայցել Ձեր ներողամտությունը և ափսոսանք հայտնել Հայաստան Ձեր՝ մուտքի հետ կապված խնդրի վերաբերյալ»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը զարմացած է, թե Ռուսաստանի կազմած պատժամիջոցների ցանկում քաղաքական դրդապատճառներով հայտնված ուկրաինացի պատգամավորի մուտքը Հայաստան ինչպե՞ս կարող է արգելվել․ - «Ռուսաստանը ունի պրոբլեմներ Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ: Բավական մեծ է ցանկը այն մարդկանց, ում Ռուսաստանը չի թողնում․ դրա մեջ կան դեսպաններ, պաշտոնյաներ, հայտնի ձեռներեցներ Ուկրաինայից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից: Բայց ի՞նչ կապ ունի մեզ հետ դա, ես զարմացած եմ»:
Ըստ Գրիգորյանի, Ազգային անվտանգության ծառայության այս քայլը մարտահրավեր է երկրի ինքնիշխանության համար և հարվածի տակ է դնում Հայաստանի միջազգային հեղինակությունը․ - «Ակնհայտ է, որ Ուկրաինայի արտգործնախարարությունը կարձագանքի, ակնհայտ է, որ Ուկրաինայի ռադան կարձագանքի, չեն կարող անարձագանք թողնել այդ փաստը: Բացասական արձագանքներ կլինեն մեր նկատմամբ: Բայց այստեղ գլխավորը դա էլ չէ: Մենք սպասում ենք մեծ ներդրումներ Հայաստանում, քանի որ իրոք լուրջ փոփոխություններ են գնում, և այդ ֆոնի վրա, պատկերացնո՞ւմ եք, ձեռներեցները, հարուստ մարդիկ կամ տարբեր պետությունների ինստիտուտները, համոզված չլինելով, որ իրենց կարող են թողնել մուտք գործել Հայաստան, պարզ է, որ իրենք կխուսափեն: Եվ երրորդը, որ է՛լ ավելի կարևոր է: Մենք ուզում ենք Եվրամիության հետ ի վերջո անցնել ազատ վիզային ռեժիմի: Եթե մենք չենք կառավարում մեր սահմանները, կամ Ռուսաստանի ազդեցությունն այդ կառավարման մեջ շատ մեծ է, պնդում եմ, որ դա կարող է բացասական հետևանքներ ունենալ: Քանի որ եվրոպացիք կասեն՝ մենք ուզում ենք հասկանալ, մենք ում հետ ենք խոսում՝ ձե՞զ հետ, թե՞ այլ երկրների հետ»:
Ի դեպ, Ռուսաստանը ցայսօր արգելում է Ստեփան Գրիգորյանին մուտք գործել իր տարածք՝ նրան համարելով «անցանկալի անձ»: