Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը հրաժարվել է ելույթ ունենալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում՝ «ռուսաստանյան հետաքննության» հարցով:
Լսումները նախատեսված են այսօր՝ մայիսի 2-ին, Ներկայացուցիչների տան իրավական հարցերի հանձնաժողովում: Քննարկման թեման հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցն է 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազը նաև հրաժարվել է կատարել դեմոկրատ օրենսդիրների պահանջը և հրապարակել Մյուլերի զեկույցի ամբողջական տարբերակն ու նյութերը, որոնք ապացույց են հանդիսացել հատուկ դատախազի թիմի համար:
Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողովը վերահսկում են դեմոկրատները՝ ի տարբերություն Սենատի իրավական հանձնաժողովի, որտեղ Բարրը երեկ ելույթ է ունեցել:
Արդարադատության նախարարությունից հայտարարել են, որ կողմերը պայմանավորվածության չեն հասել լսումների ձևաչափի շուրջ: Դեմոկրատները պնդում են, որպեսզի գլխավոր դատախազին հարցեր ուղղեն հատուկ հրավիրված իրավաբաններ, այլ ոչ թե հանձնաժողովի անդամները: Նախարարության խոսնակը հայտարարել է, որ այդ ձևաչափն աննախադեպ է, որի կարիքը չկա:
Նախօրեին Սենատի լսումների ընթացքում դեմոկրատները կոշտ քննադատել են Բարրին՝ հատուկ դատախազի զեկույցի վերաբերյալ սեփական մեկնաբանությունների և գնահատականների համար :