Լոնդոնի դատարանում մեկնարկել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցով լսումները: Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքը Ասանժը գտնվում է բանտում և դատարանի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով:
Նախօրեին Լոնդոնի մեկ այլ դատարան WikiLeaks-ի հիմնադրին դատապարտել է 50 շաբաթվա ազատազրկման՝ ազատության մեջ մնալու պայմանները խախտելու համար: 2012 թվականին, երբ Ասանժին Շվեդիային արտահանձնելու որոշում էր սպառնում, դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն սկանդալային կայքի հիմնադիրը թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Շվեդիայի իրավապահները Ջուլիան Ասանժին մեղադրում էին սեռական ոտնձգությունների համար, նա մեղադրանքը չէր ընդունում:
Բրիտանիայի ոստիկանությունն Ասանժին կարողացավ ձերբակալել անցած ամիս, երբ Էկվադորը հրաժարվեց նրան ապաստան տրամադրել:
Շվեդիան անցած տարի կարճել էր Ջուլիան Ասանժի դեմ հարուցված գործը: Այժմ նրան ԱՄՆ-ին արտահանձնելու որոշում է սպառնում՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական և ռազմական գերատեսչությունների գաղտնի հաղորդագրություններն իր հիմնադրած WikiLeaks կայքում հրապարակելու համար: ԱՄՆ-ի դատախազության առաջադրած մեղադրանքով 47-ամյա ավստրալացուն 5 տարվա ազատազրկում է սպառնում: