Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական էքստրադիցիոն պրոցեսի մեջ է. գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական էքստրադիցիոն պրոցեսի մեջ է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Էքստրադիցիոն գործընթացի իրականացման ընթացքում էքստրադիցիայի ենթարկված անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով։ Միջազգային իրավակարգավորումների համաձայն այս գործընթացը գաղտնի գործընթաց է, այսինքն՝ այն պետությանը, որին դիմում են, ինքը պարտավոր է դա չհրապարակել։ Այս գործընթացը հրապարակման ենթակա գործընթաց չէ», - ասաց դատախազը։

Հարցին, թե Ազգային ժողովի նախկին պատգամավորների հարցում արդյո՞ք իրավապահ համակարգը չի դանդաղում՝ թողնում է, որ նրանք երկրից հեռանան, նոր ինչ-որ գործողություններ է իրականացնում, օրինակ՝ Արամ Հարությունյանի, Միհրան Պողոսյանի և մյուսների պարագայում, դատախազը պատասխանեց. - «Իրավապահները գործում են օրենքով իրենց վրա դրված լիազորությունների շրջանակում, որ պահին որ լինում են անձին հետապնդում իրականացնելու բավարար հիմքեր, դա իրականացվում է։ Դրա արդյունքում անձը վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ է, ուրեմն վարույթը շարունակվում է, եթե նա թաքնվել է, կամ բացակայում է երկրից, դրա համար էլ կան իրավական մեխանիզմներ։ Կոնկրետ Ձեր նշած գործերով իրավական համակարգի դանդաղում չի եղել՝ որ պահին եղել են անհրաժեշտ հիմքերը նրանց հետապնդում իրականացնելու, այդ պահին դա իրականացվել է»։

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով հետախուզվող Պողոսյանը հայտնաբերվել էր Ռուսաստանում և կալանավորվել: Մինչ հայ իրավապահները փորձում են կազմակերպել նրա արտահանձնումը, Կարելիայի փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին, ում ռուսական մամուլը ներկայացնում է որպես Միհրան Պողոսյանի փաստաբան, չէր հերքել, որ Հայաստանի արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել։