Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել տնօրենի հրաժարականը

Երևանի կենդանաբանական այգու սեզոնի բացմանը զուգահեռ այգու նախկին աշխատակիցները վերսկսեցին բողոքի ակցիաները՝ տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով։

«Ռուբեն, հեռացի՛ր: Այգին առանց Ռուբենի», - վանկարկում էին բողոքավորները:

«Պատճառը նրա ոչ մասնագիտական մոտեցումներն է ու մինչև անգամ մասնագետներին չլսելն է։ Նա ունի մենակ միանձնյա կառավարման ձևը, որը այգին կտանի դեպի անկում: Նա չի կարող իր էդ ոճով շարունակել կառավարել Կենդանաբանական այգին: Ես խնդրում եմ, քաղաքապետարանում թող ուշադրություն դարձնեն, ճիշտ մոտենան ու հասկանան, թե ինչ է կատարվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:

Նախկին աշխատակիցներն ասում են, որ իրենց կազմակերպած բազմաթիվ ակցիաները անարձագանք են մնացել, ուստի պատրաստվում են դիմել ավելի բարձր ատյանների:

Յունոնա Խանզադյանը, ով 25 տարի աշխատել է կենդանաբանական այգու գիշատիչների բաժնի ղեկավար, նշում է՝ վերջին տարում այսքան մեծ թվով կենդանիների անկում չի գրանցվել․ - «Ինձ որ խնդրեն էլ, ես չեմ վերադառնա այգի․․․ Վերադառնամ ո՞ւմ պահեմ ստեղ, ո՞ւր ա կենդանի: Մենք մտածում ենք, որ կամաց-կամաց վերացնում ա կենդանիներին: Ինչ-որ նպատակներ ունի էս այգու տարածքի հետ: Քաղաքի կենտրոնում, ընտիր վայր: Վաղը-մյուս օրը ինքը կարող ա նույնիսկ սեփականացնի էս այգին»:

Վերջին շրջանում անկել են այգու բենգալյան վագրը, մեկ արջ, թունավորման հետևանքով՝ միակ զեբրը, երկու կոկորդիլոսներից մեկը:

Անդրադառնալով մեծ թվով կենդաննիների անկմանը՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասաց. - «Բացի էն դեպքերից, որ ուղղորդված, այսինքն թունավորված կենդանիների հետ կապված զեբրի դեպքը, արջերի հետ կապված դեպքը, շատ հնարավոր է, որ ևս մեկ կամ երկու դեպքեր լինեն, որոնք որ, ցավոք սրտի, ուղղորդված են եղել, մնացած բոլոր անկումները բնականոն են: Բայց ընդհանուր սոուսի տակ ներկայացնել, որ կենդանին երբ որ ծերանում է և անկում է ապրում անբուժելի հիվանդությունից, դա դարձնել մատի փաթաթան, դա ուղղակի զավեշտ ա»:

Խաչատրյանը «հերյուրանք ու զրպարտանք» է որակում նախկին աշխատակիցների հայտարարությունները՝ հավելելով, որ պատրաստ է կրել ամենախիստ պատիժը՝ եթե մեղադրանքները հաստատվեն իրավապահների կողմից․ - «Հուսով եմ, որ շատ շուտ կհանգուցալուծվեն այս խնդիրները՝ լույս սփռելով իրականության վրա: Դա քննության արդյունքները կլինեն թե՛ քաղաքապետարանի, թե՛ քննչական մարմինների, որոնք արդեն կարճել են գործեր: Այնպես որ, նորմալ եմ դիտարկում, և Կենդանաբանական այգին աշխատում է իր բնականոն ձևաչափով»:

Տնօրենն ասաց, որ այս պահին չի պատրաստվում հրաժարական տալ: