Հայաստանի կառավարության խնդիրն ու նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն, այսօր Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ուղերձում, մասնավորապես ասված է. - «Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորիս շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Հայաստանի կառավարության խնդիրն ու նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն։ Ինչպես քաղաքական հեղափոխության, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Այսինքն՝ մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելն՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը։ Մեր քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը՝ ինչպես տնտեսական գործունեության օբյեկտ, այնպես էլ տնտեսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում։ Մենք պետք է բոլորով շարժվենք այդ նպատակի իրականացման ուղղությամբ, ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին և մեր աշխատանքով հարստանանք և հարստացնենք»։
Վարչապետը նշել է՝ Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, և այդ ուղղությամբ ևս նախատեսում են իրականացնել հետևողական քայլեր:
«Մեր երկիրը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, ուստի ջանքեր չենք խնայելու, որպեսզի Հայաստանը լինի բարձր որակավորման աշխատուժի երկիր: Այդ նպատակով, ՀՀ կառավարությունը միջոցառումներ է իրականացնելու ուղղված կրթական համակարգի բարելավմանը, որպեսզի վերջինս մեր պետությանն ապահովի բարձր որակավորմամբ աշխատուժ, որ այն պահին, երբ ուսանողները դուրս գան համալսարաններից՝ ունենան մրցունակ մասնագետի կարգավիճակ», - իր ուղերձում ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Հայ ժողովուրդը մշտապես աչքի է ընկել իր աշխատանքով, ջանասիրությամբ, եռանդով ու ստեղծագործական մտքով։ Համոզված եմ, որ միասին կհասնենք մեր նպատակների իրականացմանն ու մեր աշխատանքով կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը»։
Աշխատանքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը։