Դատախազությունը վերացրել է ՀՔԾ որոշումը՝ «Էլեկտրիկ Երևան»-ի քրգործով վարույթը կասեցնելու մասին

Վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաներով ցրում են Բաղրամյան պողոտայում գրեթե տասը ժամ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին, 23-ը հունիսի, 2015թ.

Գլխավոր դատախազությունը վերացրել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշումը՝ «Էլեկտրիկ Երևան»-ի քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Այս տարվա մարտի 9-ին հայտնի դարձավ, որ 2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է՝ պատճառաբանելով, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն:

Մինչդեռ, լրագրող Թեհմինե Ենոքյանը պնդում է, որ ինքն անձամբ տեսանկարահանել է մոտ 40 անձանց, ովքեր նույն օրը բռնություն են իրականացրել և՛ իր նկատմամբ, և՛ այլ քաղաքացիների։

Երեք տուժած լրագրողներ՝ Հակոբ Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Թեհմինե Ենոքյանն ապրիլի 2-ին ՀՔԾ-ի որոշման դեմ բողոք են ներկայացրել դատախազություն։

Մարտի 28-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց, որ դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի 2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի խաղաղ ցույցի մասնակիցների, լրագրողների նկատմամբ կազմակերպված բռնությունների կիրառման հիմքով նոր քրեական գործ հարուցվի։

Իրավապաշտպանի խոսքով՝ այս գործի վարույթի կասեցումից հետո իրենք ձեռք են բերել ցույցի ժամանակ բռնություն իրականացրած քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին տվյալներ և այդ ամբողջ փաթեթը ուղարկել են դատախազություն՝ քրեական գործ հարուցելու դիմումով։

«Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել այս գործի ընթացքին և սատարել լրագրողներին», - երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։

2015-ի հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանները բռնի ուժով, ջրցան մեքենայի գործադրմամբ և սեռական բնույթի հայհոյանքներով ցրեցին Բաղրամյան պողոտայում գրեթե տասը ժամ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին։