ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) հայտարարությունը բավականին անհիմն է և որևէ ձևով փաստարկված չէ, «Ազատության» հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ արձագանքելով ՀՅԴ-ի կողմից ղարաբաղյան հարցի շուրջ իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքներին։
«Ըստ էության, մեր վերջին շրջանի պատմության մեջ առաջին անգամ Կառավարությունը և վարչապետը չափազանց բաց են և ակնհայտորեն ներկայացնում են բոլոր քննարկվող դրույթներն ու ընթացքը։ Այսինքն՝ բավականին մեծ է հասարակությանը ներկայացնելու այդ գործընթացը, գործընթացը փակ չէ, սահմանափակված չէ, բացի դրանից՝ շատ հաճախ են դրա վերաբերյալ մեկնաբանությունները։ Ի՞նչ ասել է խուսափողական քաղաքականություն. առաջին անգամ Հայաստանի կառավարության ներկայացուցիչը և Կառավարությունը չի խոսում միակողմանի փոխզիջումների մասին և ընդհանրապես հրաժարվում է խոսել իր կարմիր գծերի մասին, քանի դեռ Ադրբեջանը դրա մասին չի խոսել։ Սա բավականին համարձակ է, անսովոր է նաև մեր դրսի գործընկերներին, բայց ես կարծում եմ, որ այդ քաղաքականությունը միանգամայն արդարացված է, և դա նաև կարևոր մեթոդ է, որպեսզի Բաքուն այս անգամ նախաձեռնի նման խոսակցությունը», - ասաց Հայրապետյանը։
Նշենք, որ ՀՅ Դաշնակցությունը իշխանություններին մեղադրում է ղարաբաղյան հարցում խուսափողական քաղաքականություն վարելու համար՝ հայտարարելով, որ դա չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը:
«Օրինակ, վարչապետի վերջին հայտարարությունը՝ ժողովուրդը թող ձևակերպի և գրավոր ինձ տա տեքստ, թե ինչ է ուզում: Սա արդեն խուսափողական է: Ժողովուրդը այդ հարցի պատասխանը շատ հստակ ժամանակին տվել է», - ասել է ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ընդգծեց՝ համազգային համախմբման որևէ խնդիր չկա, Արցախ-Հայաստան կապը, նրա համոզմամբ, բացառիկ ձևով զարգանում է։
«Մենք առաջին անգամ ունեցանք Անվտանգության խորհրդի համատեղ նիստ, կան բազմաթիվ ծրագրեր, այցերը հաճախակիացել են, և որևէ առումով փաստարկ չկա որևէ դրույթի։ Ընդ որում, նախկինում Դաշնակցությունը, երբ համագործակցել է նախկին իշխանությունների հետ, որևէ նման մտահոգություններ չի արտահայտել, երբ կային փաստացի բազմաթիվ առիթներ նման մտահոգությունների՝ քննարկվում էին այնպիսի լուծումներ, որոնք ոչ այնքան բխում էին մեր տեսլականներից, խոսվում էր ակնհայտ փոխզիջումների, զիջումների մասին, և այդ պարագայում որևէ արձագանք չի եղել, այժմ, երբ ամեն ինչ հարթ է, սահուն է, բաց է, թափանցիկ է ու, ընդ որում, Փաշինյանը հայտարարել է, որ ժողովուրդներն են խնդրի լուծողը՝ Հայաստանի, Արցախի... առաջին անգամ այդտեղ նաև ժողովրդի ներգրավվածության գործոնի շեշտումն է, մի հոգու չի պատկանում այդ խնդիրը, դա ինքնության հարց է, և, չգիտես ինչու, որոշեցին ենթադրել, որ խուսափողական քաղաքականություն է։ Անհիմն հայտարարություն է, կրկին շեշտեմ, և որևէ ձևով փաստարկված չէ», - ասաց Հայրապետյանը։