Արմեն Սարգսյան․ Աշխատանքով պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

«Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ՝ հանապազօրյա հացից մինչև նորագույն տեխնոլոգիա, մշակութային արժեքից մինչև տնտեսական նվաճում, ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ մարդկային կապիտալն ամենաթանկն է աշխարհում», - հայտարարում է նախագահ Արմեն Սարգսյանը Աշխատանքի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում:

«Աշխատանքը մղում է մտածելու, երազելու, ստեղծելու, արարելու: Հարափոփոխ աշխարհում գիտելիքներով և հմտություններով զինված աշխատանքն է երաշխավորված հաջողության գրավականը: Միաժամանակ, շատ կարևոր է, որ աշխատանքի իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք աշխատելու հնարավորություն ունենա, և այդ աշխատանքն ապահովի արժանապատիվ կենսամակարդակ: Բարեկեցիկ հասարակությունն ապահով երկրի երաշխիքն է», - գրել է Արմեն Սարգսյանը իր ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

«Աշխարհի ցանկացած երկրում մենք կարող ենք տեսնել մեր հայրենակիցների արարող ձեռքի և ստեղծագործ մտքի արգասիքները, բայց մեր մեծագույն ձեռքբերումների աղբյուրը Հայաստանն է, որտեղ պետք է շարունակեն կերտվել մեր հետագա հաջողությունները», - ընդգծում է նախագահը՝ շարունակելով․ - «Հենց մեր աշխատանքով պետք է ապահովենք Հայաստանի այսօրվա ու ապագա զարգացումը՝ ոչ միայն նորարար մոտեցումներով, այլև կիրառելով ժամանակակից աշխատանքի կազմակերպման և աշխատողների իրավունքների պաշտպանության առաջադիմական փորձն ու մոտեցումները: Վստահ եմ, որ բոլորիս ջանքերը համատեղելով՝ շենացնելու ենք մեր միասնական Հայաստանը»:

«Ցանկանում եմ, որ բոլորդ հնարավորություն ունենաք աշխատանքի միջոցով, աշխատանքի շնորհիվ իրացնելու ձեր ֆիզիկական, մտավոր, հոգևոր ու նյութական հմտությունն ու ներուժը, գիտելիքը, փորձն ու երևակայությունը», - ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում: