ՎՏԲ-ն ու «Վալլեքս»-ը համաձայնության չեն եկել

Ալավերդու պղնձաձուլական գործարանը, արխիվ

Ալավերդու պղնձաձուլարանի շուրջ 500 աշխատողները գործարանի ղեկավարությունից աշխատանքային պայմանագրերի լուծարումը ևս երկու ամսով երկարաձգելու մասին նոր ծանուցումներ են ստացել։

Այսօր արդեն վերջանում էր հերթական ժամկետը, և նրանք պետք է ազատվեին աշխատանքից։ «Վալլեքս» խմբի ընկերությունների տարածած հաղորդագրության համաձայն, ընկերությունը նոր «հայեցակարգային պլան» է կազմել և ներկայացրել կառավարություն։ Ակնկալում են «դրա շուրջ կառուցողական քննարկումներ ծավալել և միասնական դիրքորոշում ձևավորել», նշված է «Վալլեքս»-ի հաղորդագրության մեջ։

Հայեցակարգային պլանում ընկերությունը դիտարկել է երկու տարբերակ՝ պղնձի արտադրության ժամանակավոր վերագործարկում՝ ժամանակակից պղնձաձուլարանի կառուցմանը զուգահեռ, և երկրորդ տարբերակ՝ աղացագնդերի նոր արտադրության կազմակերպում։

Վարկային պարտավորությունների դիմաց ՎՏԲ բանկում գրավադրված ու սնանկության եզրին հայտնված «Վալլեքս» ընկերությունը դեռ տարիներ առաջ հայտարարել էր, որ չինական կառավարության և հզորագույն ընկերությունների հետ հստակ պայմանավորվածություններ ունեն՝ Ալավերդիում նոր, առանց արտանետումների գործարան կառուցելու մասին։ Անցած տարի, երբ ՎՏԲ բանկում գրավադրված գործարանը բանկին անցնելու հավանականություն կար և դադարեց գործել, ընկերությունը շարունակեց հայտարարել, որ չինական կողմի հետ պայմանավորվածությունները դեռ առկա են, և չինացիները պատրաստ են կառուցել գործարանը։

Մինչդեռ երեկ գիշեր Չինաստանից վերադարձած Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հակառակը պնդեց։ Չինաստանում մեկշաբաթյա աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է բազմաթիվ հանդիպումների չինացի գործարարների հետ, քննարկել Լոռու մարզի ներդրումային ծրագրեր, համաձայնություններ ձեռք բերել, բայց դրանց թվում չի եղել «Վալլեքս» ընկերության հետ համատեղ պղնձաձուլարան կառուցելու ծրագիրը։

«Նպատակահարմար չենք գտել, որպեսզի առանձին «Էյ-Սի-Փի»-ի կամ «Վալլեքս»-ի մասով զրույց ունենանք, որովհետև գիտենք, որ էդտեղ պրոբլեմները շատ են, և որևէ խոշոր ներդրող նման պրոբլեմատիկ ձեռնարկությունում ներդրում էս պահի դրությամբ պատրաստակամ չի լինի անելու։ Չկա որևէ վստահություն, չկա որևէ համաձայնություն», - ասաց Լոռու մարզպետը։

Այն, որ Ալավերդիում գործարան փակած ընկերությունը հայեցակարգային պլան է ներկայացրել կառավարություն, մարզպետը համարում է, որ դրանով աշխատատեղերը պահպանելու հնարավորություն չի ստեղծվի, քանի որ, նրա խոսքով, խնդիրը կառավարությունում չէ։

«Էյ-Սի-Փի» ընկերությունը հավանաբար ունի մտավախություն, որ ցանկացած պահի կարող է զրկվել էդ գույքից, և էդ պատճառով գուցե չի պատրաստվում վերագործարկել գործարանը։ Խնդիրը միայն ընկերության և բանկի միջև է։ Կառավարությունը որևէ խոչընդոտ էս պահին չի առաջացնում պղնձաձուլարանի վերագործարկման հարցում», - նշեց Ղուկասյանը:

Գործարանը փակվել է անցած տարվա հոկտեմբերին։ Արդեն 7 ամիս գործարանի շուրջ 500 աշխատակիցները վճարվում են աշխատավարձի մեկ երրորդի չափով։ Այս ընթացքում ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ բանակցում է կառավարության և ՎՏԲ բանկի հետ՝ ձուլարանը վերագործարկելու հարցով։ Բայց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Լոռու մարզպետը հայտարարեց՝ այդ բանակցություններն արդյունք չեն տվել։

«Բանակցությունների ընթացքում «Վալլեքս» ընկերության կողմից եղել է առաջարկություն, որն ընդունելի չէր ՎՏԲ բանկի կողմից», - նշեց Անդրեյ Ղուկասյանը՝ չբացառելով, որ մարզում չինացի գործարարների ներդրումներով պղնձաձուլարան կառուցվի, բայց դա կապ չի ունենա նախկին գործարանի ու նրա սեփականատերերի հետ։

«Կարող է այդ պղնձաձուլարանը կառուցվել լրիվ նոր վայրում և ինքը գործի շատ հաջողակ, չունենա որևէ կախվածություն ո՛չ բանկերից, ո՛չ սնանկության կարգավիճակից», - ընդգծեց Ղուկասյանը։

Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանը հրաժարվեց մեկնաբանել Լոռու մարզպետի պնդումները։ Չխոսեց նաև իրենց հայտարարած՝ չինական ծրագրով պղնձաձուլարան կառուցելու ծրագրի մասին։