Այսօր Ջազի միջազգային օրն է

Երևանում տոնը կնշվի բացօթյա համերգներով Կասկադում, ինչպես նաև աշխարհահռչակ ջազ դաշնակահար Գոնզալո Ռուբալկաբայի տրիոյի ելույթով Արամ Խաչատրյան համերգասրահում:

2011 թվականից անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձևի հիման վրա ապրիլի 30-ը հռչակվեց Ջազի միջազգային օր:

Արդեն որերորդ տարին է այս օրը ջազի մեր սիրահարներին հրաշալի համերգներ են պարգևում մեր ջազմեններն ու պրոդյուսերները:

Այս երեկո երկու մեծ համերգ է նախատեսված. մեկը բացօթյա՝ Կասկադի տարածքում, որտեղ հանդես կգան մեր լավագույն ջազ նվագախմբերն ու ջազմենններն իրենց երիտասարդ, անգամ պատանի ու մանկահասակ գործընկերների հետ, և Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ տեղի կունենա աշխարհահռչակ ջազմեն , «Գրեմիի» քառակի դափնեկիր, դաշնակահար Գոնզալո Ռուբալկաբայի և իր ղեկավարած տրիոյի համերգը՝ նվիրված Ջազի միջազգային օրվան:

Համերգի կազմակերպիչները «Մեցցո Փրոդաքշն» ընկերությունն ու «Ջազի հայկական ասոցիացիան» են:

«Ազատության» հետ հարցազրույցում «Մեցցո Պրոդաքշն» ընկերության գործադիր տնօրեն Անի Սաղոյանն այսօր հատուկ շեշտեց․ - «Երևանը այն մայրաքաղաքներից է, որը հենց առաջին տարին՝ 2012-ին միացավ Հերբի Հենկոկի նախաձեռնությանը՝ Ջազի միջազգային օրը տոնելու ապրիլի 30-ին: Բնականաբար, մենք չենք կարող անտարբեր լինել այդ օրվա նկատմամբ: Գոնզալո Ռուբալկաբան արդեն մեկ անգամ այցելել էր Հայաստանի իր սոլո ծրագրով: Այս անգամ հանդես է գալու իր տրիոյի հետ, որը հանդիսատեսի կողմից շատ սպասված էր: Բայց քանի որ ջազի սիրահարները Հայաստանում շատ-շատ են, մենք նախաձեռնել ենք Երևանի քաղաքապետարանի հետ, որպեսզի նաև մեր քաղաքացիները հնարավորություն ունենան բացօթյա համերգներ վայելել Կասկադում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնի շրջակա տարածքում: Լինելու է նաև մեր հայ ջազմենների մասնակցությամբ համերգային ծրագիր: Ուզում եմ անպայման նշել, որ մանակցելու են նաև մեր փոքրիկները՝ Սպենդիարովի անվան երաժշտական դպրոցի նվագախումբը: Այսօր ջազի տոնն է»:

Անի Սաղոյանը գոհունակությամբ նշեց, որ մեզանում տարեցտարի ավելանում է ջազի սիրահարների թիվը․ - «Դրանում մեծ դեր ունի թե՛ «Երևան ջազ ֆեստ» փառատոնը, թե՛ այն համերգները, որ տարվա ընթացքում կատարվում են միջազգային արտիստների մասնակցությամբ, որոնք այցելու են Հայաստան: Նաև բնականաբար, այն երաժիշտների համբավը աշխարհում, որ այսօր մենք ունենք՝ Տիգրան Համասյանը, Վահագն Հայրապետյանը, Արտո Թունչբոյաջյանը․․․ այս ամենը փոխանցվում է նաև հանդիսատեսին: Ես կարող եմ ասել, որ Երևանը ամենաջազային քաղաքներից է, և մեր բոլոր հյուրերը շատ զարմանում են, որ այսպիսի սեր կա ջազի նկատմամբ»: