Վարչապետի ազգականին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Փաշինյանի ազգականի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների, պարզվել է, որ այս տարվա փետրվարին նա «Դիլիջան» ազգային պարկի կադրերի բաժին է ներկայացրել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կեղծ դիպլոմի պատճենը՝ «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ, ինժեներ-մեխանիկի որակավորմամբ, և նշանակվել է տնօրենի տեղակալ:

Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.- «Առաջինը ես, իմ ընտանիքը, հարազատներն այս առումով պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության ներքո: Ես շատ կարևոր եմ համարում, որ թափանցիկությունն այսօր Հայաստանում կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը չեմ ասի, թե 100 տոկոսով կայացել է, բայց մեծ քայլերով գնում է առաջ: Ցանկանում եմ ասել, որ ընդամենը 10 օր առաջ իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Չեմ ուզում նրա անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս փաստը և այն, որ գործը կքննվի լիարժեք օրինականության և օբյեկտիվության պայմաններում, ևս մեկ ապացույց է, որ մենք վստահորեն գնում ենք այդ ճանապարհով»:

Վարչապետի մորեղբոր որդին՝ Մամիկոն Հովհաննիսյանը, այս ամիս «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, մասնավորապես, որ բոլորի պես ինքն էլ հավասար է օրենքի առաջ: