Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրությունը կանցկացվի Արամ Աթեշյանի գլխավորությամբ

Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ

Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել նոր պատրիարքի ընտրության գնալ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ:

Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան առիթով հայտարարված 40-օրյա սուգից հետո նախօրեին գումարված առաջին ժողովի ընթացքում քվեարկության է դրվել հետևյալ հարցը՝ նոր պատրիարքի ընտրության գործընթացը համակարգել փոխանորդի՞ միջոցով, թե՞ անհրաժեշտ է տեղապահ ընտրել: Եկեղեցական կանոնադրության և ավանդույթների համաձայն՝ պատրիարքի վախճանից հետո տեղապահ է ընտրվում, որն էլ ղեկավարում է պատրիարքարանը մինչև նոր առաջնորդի ընտրությունը: Սակայն 2010 թվականից ի վեր պատրիարքական փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ Աթեշյանը օրերս հայտարարել էր, թե դեմ է տեղապահի ընտրությանը և ինքը՝ որպես փոխանորդ, պատրաստվում է համակարգել պատրիարքական գալիք ընտրությունները:

Երեկվա ժողովի ժամանակ փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հոգևոր խորհրդի անդամներից 5-ը կողմ են քվեարկել գործընթացը պատրիարքական փոխանորդի միջոցով շարունակելու օգտին, 3 անդամ կողմ է արտահայտվել տեղապահ ընտրելու տարբերակին, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Այսպիսով, որոշում է ընդունվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և կրոնական ժողովի ընդհանուր ստորագրությամբ առաջիկա օրերին դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ժամանակացույցը պետական մարմինների հետ համաձայնեցնելու համար:

Նախօրեին կայացած ժողովից առաջ պոլսահայ իրավաբաններ Սեդրակ Դավութհանը և Սեպուհ Ասլանգիլը «Ակոս» պարբերականի հետ զրույցում ընդգծել են, որ եկեղեցական ավանդույթների համաձայն՝ նոր պատրիարքի ընտրության գործընթացը պետք է գլխավորի պատրիարքական տեղապահը: Ավելի վաղ նման կարծիք էր հայտնել նաև պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը՝ հայտարարելով, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը տեղապահի պաշտոնում:

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանվել է այս տարվա մարտի 8-ին՝ 62 տարեկան հասակում: 2008 թվականից ի վեր Մութաֆյան պատրիարքը հիվանդության հետևանքով փաստացիորեն անգործունյա վիճակում էր, և վերջին տասնամյակում նոր պատրիարքի ընտրության հարցը մշտապես պոլսահայ համայնքի օրակարգում էր գտնվում: Սակայն թուրքական իշխանությունները տարիներ շարունակ չէին արտոնում նոր պատրիարքի ընտրություն անցկացնել՝ այն հիմնավորմամբ, թե դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Մութաֆյան պատրիարքի մահից հետո ակնկալվում է, որ պետությունն այլևս չի խոչընդոտի այս գործընթացը, և հայ համայնքը ի վերջո նոր պատրիարք կունենա: