Գլխավոր դատախազությունը որոշել է, որ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի գործը Ազգային անվտանգության ծառայությունից այլ քննչական ծառայություն տեղափոխելու հիմքեր չկան: Նախաքննությունը կշարունակի իրականացնել ԱԱԾ-ն, այս մասին «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Գործը ԱԱԾ-ից այլ քննչական ծառայություն տեղափոխելու միջնորդությամբ դիմել էր Սանասարյանի պաշտպանական կողմը:
«Քրեական գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն, և նախաքննությունը կիրականացվի ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից։ Միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ նախաքննության մարմինը բավարարել է առանձին անձանց հարցաքննելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, դատախազական պատշաճ հսկողությամբ կապահովվի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ նախաքննությամբ ի պաշտպանություն մեղադրյալին բերված բոլոր փաստարկների պատշաճ ստուգումը», - ասաց Արևիկ Խաչատրյանը:
Թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից Դավիթ Սանասարյանը ապրիլի 18-ին որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Ըստ Ազգային անվտանգության ծառայության, Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանը մեղադրանքը շինծու էր որակել:
Ավելի վաղ այս գործով կալանավորվել էին ՊՎԾ երկու աշխատակիցներ և հեմոդիալիզի գնումներին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահը: Երեքն էլ կալանքից ազատ են արձակվել: ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ՊՎԾ աշխատակիցները փորձել են այնպես կազմակերպել գնումների գործընթացը, որ հաղթող ճանաչվի իրենց կողմից հովանավորվող «Զորաշեն» ընկերությունը:
Այսօր Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախաքննություն իրականացնող մարմնի նկատմամբ անվստահություն ունեն՝ պնդելով, թե ԱԱԾ-ն կանխակալ, միակողմանի քննություն է անցկացնում:
«Պարոն Սանասարյանին անհիմն մեղադրանք է առաջադրվել: Երկրորդը՝ առանց հիմքերի, ձևական պատճառաբանությամբ, որ նա բարձր պաշտոն է զբաղեցնում, հարգանք է վայելում և ուստի կարող է խոչընդոտել քննությանը՝ այդ պաշտոնին մնալով, նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս երկու որոշումների հետ համաձայն չլինելով՝ մենք մեր բողոքն ենք ներկայացրել դատախազություն, և քանի որ այդ որոշումները գտել ենք, որ անհիմն են, միջնորդել ենք, որ այլ մարմին քննի, որովհետև նման որոշումներ ընդունելը արդեն մեր մոտ կասկածներ էր առաջացնում նախաքննության օբյոկտիվության հետ կապված», - նշեց Սարդարյանը։
Մինչդեռ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր․ - «Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով: Բայց, չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը, հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի արդեն դատարան, և դատարանում դուք բոլորդ և առհասարակ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում: Եվ հանրությունը, լրագրողական միջավայրը և մնացած բոլորը կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»:
Սանասարյանի փաստաբանը, անդրադառնալով իր պաշտպանյալի մասին իրավապահ կառույցների ղեկավարների հայտարարություններին, ասաց. - «Էս ելույթները խիստ անհանգստացնող են և շատ հարգելով, ես, որպես անձ, ոչ մի բան իրենց դեմ չունենալով՝ թե՛ գլխավոր դատախազի, թե՛ ԱԱԾ-ի տնօրենի, այս գործառույթները գտնում եմ, որ ակնհայտ սահմանափակում են մեր պաշտպանության իրավունքը։ Այսօր եթե ԱԱԾ-ի տնօրենն ասում է, որ գործը կուղարկվի դատարան, մենք հիմա մեղադրանք առաջադրելու որոշումը բողոքարկում ենք դատարան, արդյո՞ք ԱԱԾ-ի տնօրենի և Գլխավոր դատախազի հրապարակավ ելույթները դատարանին չեն կաշկանդել։ Ի՞նչ է ստացվում՝ որ եթե մեր վստահորդը բարձրաստիճան պաշտոնատար անձ է, ինքը պաշտպանության իրավունք պետք է չունենա՞։ Քննիչը պետք է որոշում կայացնի նրան մեղադրանք առաջադրելու և այս մեղադրանքը դառնա վերջնական դատական ա՞կտ»։