Համաձայնեցվելու է մինչև 2030-ը Հայաստանին գազի մատակարարման և գազաֆիկացման սխեման․ Պրիխոդկո

ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Պրիխոդկո, արխիվ

Ռուսաստանը և Հայաստանը մտադիր են համաձայնեցնել մինչև 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման և գազաֆիկացման ընդհանուր ծրագրի նախագիծը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան այցի նախօրեին:

Երևանում, հիշեցնենք, վաղը տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստը:

«Մեր երկրները լուրջ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազի ոլորտում: Այսօր աշխատում ենք ինչպես ընթացիկ, այնպես էլ ապագա նախագծերի շուրջ, օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնել մինչև 2030 թվականը Հայաստանին գազի մատակարարման և գազաֆիկացման ընդհանուր սխեման», - ասել է Պրիխոդկոն՝ հավելելով, որ Ռուսաստանը Հայաստանի բնական գազի հիմնական մատակարարն է, և Ռուսաստանից գազի արտահանումը՝ մոտ 2 միլիարդ խորանարդ մետր, ամբողջությամբ բավարարում է Հայաստանի կարիքները: Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ մատակարարումները կատարվում են արտոնյալ պայմաններով:

Ռուսական «Գազպրոմ»-ի հետ Հայաստանի պայմանագրի ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Այսօր գործում է «Գազպրոմ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված հավելյալ պայմանագիրը, որի համաձայն՝ Հայաստանը այսօր ռուսական գազը ստանում է 165 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, սակայն հայաստանցի սպառողները նախկին գնով են այդ գազը ստանում՝ 150 դոլարով: Հայտնի չէ, սակայն, թե մինչև երբ պետք է գործի այս գինը:

Պրիխոդկոն ակնարկել է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է պայմանավորվեն թե՛ նոր գնի, թե՛ մինչև 2030 թվականը գազի մատակարարման ընդհանուր սխեմայի շուրջ:

Ռուսաստանցի պաշտոնյան, ըստ էության, չի հստակեցրել՝ արդյոք Երևանում կայանալիք եվրասիական հավաքին քննարկվելո՞ւ է միությունում գազի միասնական գնի հարցը, միայն նշել է, որ այս հարցը միշտ է քննարկվում և կլուծվի միայն այն ժամանակ, երբ ԵԱՏՄ անդամ երկրներում ձևավորվի գազի և գնի միասնական շուկա:

Եվրասիական միության անդամ Հայաստանը և Բելառուսը վերջերս պարբերաբար բարձրաձայնում են այս հարցը՝ շեշտելով, թե միասնական շուկան, որը ԵԱՏՄ հիմնական սկզբունքներից մեկն է, ենթադրում է նաև էներգեկիրների միասնական գին այդ շուկայում: