Այսօր ազատ են ոչ միայն քաղաքացիները, այլ նաև պաշտոնյաները․ Ֆելիքս Ցոլակյան

Շուրջ երկու տասնամյակ իշխանությունում բարձր պաշտոններ զբաղեցրած Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի համար անցած մեկ տարվա ամենամեծ ձեռքբերումը ազատությունն է: Քաղաքացու օրը Գյումրիում նշող պաշտոնյան կարծում է՝ այսօր ազատ են ոչ միայն քաղաքացիները, այլ նաև պաշտոնյաները:

«Մարդը ազատության շունչ է զգացել և էդ ազատությունը ամենակարևոր բանն է, որ ունենք», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց նա: - «Չինովնիկն է ազատություն ստացել՝ էն որ չէր կարող իր վերադասի հետ խոսելիս հանկարծ իր կարծիքը փորձեր ասել, էսօր կարող է նաև ըմբոստանալ, հիմնավորել, բանավիճել»:

Ցոլակյանն ասում է՝ տարվա բոլոր օրերն էլ քաղաքացունը պետք է լինեն, բայց այն առանձին տոն սահմանելով՝ արժևորում են քաղաքացուն:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով նախկին իշխանությունների դեմ պայքարի հարուստ փորձ ունի, ասում է՝ Քաղաքացու օրը պետք է նշվի, բայց ոչ՝ 124 մլն դրամ ծախսելով: Բարսեղյանը կարծում է, որ իշխանությունը վերջապես հայտնվել է ճիշտ տեղում․ եթե նախկինում վերևում էր, ժողովուրդը՝ ներքևում, հիմա դիրքերով փոխվել են․ - «Հանրությունը հասկացել է, որ ինքն է դրության տերը և ներքևում, եթե կարելի է այդպես պայմանական հիերարխիան դասավորել, իր ծառաներն են՝ գնացեք և աշխատեք: Այս դիրքը նվաճել է հանրությունը, սա է ամենակարևորը»:

ԱԺ-ի իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ կարծում է, որ հեղափոխություն անելուց հետո էլ քաղաքացին դեռ շատ անելիք ունի․ - «Կարևոր բաղադրիչը հենց քաղաքացու իրավունքներն են, ու երբ քաղաքացին իրացնում է իր իրավունքները, այդ ժամանակ մենք տեսնում ենք փոփոխություններ»:

Իշխանության քննադատները հաճախ են շեշտում, որ հեղափոխություն իրականացրած քաղաքացին մեկ տարվա ընթացքում իր կյանքում փոփոխություններ չի արձանագրել: Իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանը ընդունում է՝ գուցե մարդկանց գրպանում փող չի ավելացել, բայց կան փոփոխություններ, որոնք չնկատել չի կարելի: Օրինակ է բերում արտագաղթի ցուցանիշը՝ տասնամյակներով արձանագրված բացասական սալդոն անցած տարի դրական է դարձել՝ շուրջ 15 հազար մարդ ավելի է վերադարձել: Տնտեսական փոփոխության առումով էլ, ըստ Գևորգյանի, հիմա գնդակը քաղաքացու դաշտում է․ - «Եթե պատկերավոր ասելու լինենք՝ մենք ծառը տնկել ենք, ջրել ենք, ծառը կանաչել է՝ շատ լավ է կանաչել: Հիմա ժամանակ պիտի անցնի, պիտի ծաղկի էդ ծառը, պիտի բերքը տա»: