Հրապարակվել է Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գրքի հայերեն թարգմանությունը

Newmag հրատարակչությունը հայերեն թարգմանությամբ լույս է ընծայել թուրք անվանի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գիրքը, որը մեծ դեր կարող է խաղալ ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործում, այլ նախևառաջ հենց Թուրքիայի ժխտողականության դեմ որպես գիտական բացառիկ մի աշխատանք: Գիրքը թարգմանել է երիտասարդ թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, ներկայումս Օքսֆորդի համալսարանում ուսումնառությունը շարունակող Անդրանիկ Իսրայելյանը:

«Ազատությանը» տված հարցազրույցում, անդրադառնալով այս գրքի ստեղծման պատմությանը և կարևորագույն առաքելությանը, Անդրանիկ Իսրայելյանը շեշտեց, որ իրեն հատկապես զարմացրել է գրքում տեղ գտած փաստերի բացառիկությունը: - «Բացառիկությունը նրանում է, որ մինչև այս պահը պաշտոնապես գոյություն չուներ որևէ փաստաթղթային ապացույց, որ թուրքերը կազմակերպել են ցեղասպանություն: Խնդիրը հանգում էր նրան, որ թուրքերը ասում էին՝ ցույց տվեք մի թուղթ, որտեղ մենք հրահանգել ենք կոտորել հայերին: Իսկ այդպիսի թուղթ չկար, որովհետև նրանք ոչնչացրել էին բոլոր թղթերը», - մեզ հետ զրույցում նշեց թուրքագետը:

Անդրանիկ Իսրայելյանի խոսքով Ցեղասպանության տարիների մասին հայկական պատմագիտության մեջ հայտնի են թուրք պաշտոնյա Նեյիմ Բեյի հուշերը, որոնք թուրքական պատմագիտությունն ամբողջովին ժխտում է որոշակի պատճառաբանություններով:1915 թվականին հաջորդող տարիներին հայ լրագրող Արամ Անտոնյանին հաջողվում է այդ թուրք պաշտոնյայից ստանալ հայ ժողովրդի կոտորածները հրահանգող այն ժամանակ ներքին գործերի նախարար Թալեաթի հեռագրերը, սակայն Թուրքիայի արտգործնախարարությունը ժամանակին՝ 1983 թվականին հերքել է այդ հեռագրերի իսկությունը:

Եվ ահա Թաներ Աքչամը հստակ, արխիվագիտական վերլուծություններով իր «Սպանության հրամաններ» գրքում ամբողջովին ապացուցում է Արամ Անտոնյանի ձեռք բերած փաստաթղթերի իսկությունն ու պատմական ճշմարտությունը:

«Սրանով հնարավոր կլինի ցույց տալ, որ տապալվում է թուրքեր վերջին անհույս փորձը՝ Հայոց ցեղասպանությունը որպես անհիմն պնդում ներկայացնելու», - կարծում է Անդրանիկ Իսրայելյանը: