Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում քրեական գործեր են հարուցվել երկու բժշկական կենտրոնների ծառայողների կողմից հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունների չարաշահմամբ կազմակերպելու դեպքերի առթիվ:
Ավելի վաղ Պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման և վերլուծության արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել էր դատախազություն:
«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված տեղեկանքի և համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը 2015-2018թթ. և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը 2015-2018թթ. և 2019թ. սկզբում դիալիզի պարագաներ ձեռք են բերել «Ա» ՍՊ ընկերությունից՝ ընդհանուր 1 613 331 000 ՀՀ դրամ արժեքով: Այդ պարագաների մաքսային արժեքը կազմել է 722 670 000 ՀՀ դրամ կամ բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ թանկ գնով», - ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում:
Ապրանքների ձեռքբերման նպատակով բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել է գնման 8 ընթացակարգ՝ 92 չափաբաժնով, և բոլոր չափաբաժիններով հաղթող է հանդիսացել «Ա» ՍՊ ընկերությունը:
Երկու բժշկական կենտրոնում հիշյալ ընթացակարգերը եղել են ոչ մրցակցային, կազմակերպվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջների խախտումներով:
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 2019-ի հունվարի 31-ին հրապարակված՝ բժշկական պարագաների գնման ընթացակարգի հրավերում առանձին չափաբաժիններում նշվել է «F...» ընկերության արտադրության կոնկրետ մոդել, իսկ տեխնիկական բնութագիրն իրենից ներկայացրել է տվյալ մոդելի տեխնիկական բնութագրի պատճենը, որին համապատասխանող այլ մոդելի հեմոդիալիզատոր շուկայում առկա չէ:
Ըստ դատախազության պաշտոնական կայքէջի՝ հայտերի բացման արդյունքում պարզվել է, որ միայն «Ա» ՍՊԸ-ն է մասնակցել կոնկրետ մոդելի դիալիզատորի գնման ընթացակարգին՝ միավորի համար առաջարկելով 7000 դրամ: Մինչդեռ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կարիքների համար, փոփոխված տեխնիկական բնութագրերով գրեթե միաժամանակ անցկացված մրցակցային գնման ընթացակարգում նույն դիալիզատորի համար գնային առաջարկ է ներկայացրել 4 ընկերություն, այդ թվում՝ «Ա» ՍՊԸ-ն՝ միավորի համար 300 դրամ պակաս՝ 6700 դրամ առաջարկով:
«Վանաձորի բժշկական կենտրոնի» կողմից 2019-ի հունվարի 31-ին հրապարակված մեկ այլ գնման ընթացակարգի պարագայում բոլոր չափաբաժիններով միակ մասնակից է հանդիսացել «Ա» ՍՊԸ-ն, որը միևնույն ապրանքի համար նույն ամսին 8 միլիոն 827 հազար դրամով ավելի ցածր գնային առաջարկ է ներկայացրել մրցակցային հանդիսացած ընթացակարգում:
Իսկ երկու չափաբաժիններով «Ա» ՍՊԸ-ի գնային առաջարկը կազմել է 44 միլիոն 470 հազար դրամ, այն դեպքում, երբ միևնույն ապրանքները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել 34 միլիոն 131 հազար 600 դրամով, այսինքն 10 միլիոն 338 հազար 400 դրամով պակաս:
Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ երկու բժշկական կենտրոնների իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց կարգադրիչ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու՝ դիալիզի պարագաներ ձեռք բերելու նպատակով ոչ մրցակցային գնումների ընթացակարգեր կազմակերպելու, ապրանքների տեխնիկական բնութագրերը օրենսդրության պահանջների խախտումներով կազմելու արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Գնումների գործընթացները չեն հանդիսացել տնտեսող, արդյունավետ և օգտավետ, խաթարվել է շուկայական մեխանիզմներով գնագոյացման ապահովման սկզբունքը, ոչ մրցակցային և խտրական հիմունքներով գնումների գործընթացների կազմակերպման արդյունքում 2015թ.-ից ի վեր կազմակերպված գնման ընթացակարգերի բոլոր չափաբաժիններով հաղթող է հանդիսացել մեկ ընկերություն և ոլորտի այլ ընկերությունների կողմից արտադրված ապրանքներ չեն կարողացել հավակնել նշված ընթացակարգերին մասնակցելուն:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի` «Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը», 2-րդ մասով: Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: