Միհրան Պողոսյանն, Արամ Հարությունյանը դուրս եկան Հայաստանից՝ օգտագործելով պատգամավորական անձեռնմխելիությունը. վարչապետ

Թե՛ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, թե՛ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը դուրս եկան Հայաստանից՝ օգտագործելով իրենց պատգամավորական անձեռնմխելիությունը, այսօր լրագրողների հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ նրանք լքեցին Հայաստանը, պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արամ Հարությունյանը պատգամավորական մանդատն օգտագործեց և տեսադաշտից կորավ, քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից նա զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ լծակ չուներ։ Միհրան Պողոսյանն էլ նույնպես պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից: Ի՞նչ կա էդտեղ զարմանալի, եթե պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում նրանց ձերբակալեին, հիմա դուք բոլորդ պետք է ասեիք՝ «բա ո՞ւր մնաց օրենքը, բա ո՞ւր մնաց օրինականությունը, օրենքի գերակայությունը»։ Բայց ուր պետք է փախչեն, երկրագունդը փոքր է», - ասաց Փաշինյանը։

«Ազատության» հարցին, թե անվտանգության խնդիր չի՞ տեսնում, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը դրսում է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետը դրսում է, վարչապետը պատասխանեց. - «ԴԱՀԿ պետը հարաբերական է՝ դրսո՞ւմ է, թե՞ ներսում է։ Տեսեք, իսկ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը որքան գիտեմ նաև Ռուսաստանի քաղաքացի է, և մենք պետք է այս իրավիճակի հետ հաշվի նստենք։ Ես չեմ ուզում այստեղ այլ ենթատեքստեր տեսնել, օրինակ՝ հիմա բացահայտ հանցագործ մարդ կա Հայաստանի Հանրապետությունում, որն օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է, և ակնկալվում է, որ մենք հանձնենք, բայց էդ մարդուն մենք չենք կարողանում հանձնել՝ այն բանի բերումով, որ ինքն ունի Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Ակնհայտ հանցագործ է, ինքն էլ է ասում, որ ինքը հանցագործ է, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ինքը հանցագործ է, բայց մենք էդ հարցը չենք կարողանում լուծել»։

Մեկ այլ հարցի, թե Ռուսաստանը Պողոսյանին այնուամենայնիվ կարտահանձնի՞, Փաշինյանը պատասխանեց. - «Չեմ կարող ասել»։

Ըստ Հայաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ), Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին է վերսկսել օֆշորի քրեական գործի վարույթը, մինչդեռ 2017 թվականին քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Այն ժամանակ գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։

Այս տարվա մարտի վերջին Միհրան Պողոսյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության։

Ապրիլի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։

Օրեր առաջ Պողոսյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Կարելիայի հանրապետությունում և ձերբակալվել, ապա կալանավորվել՝ Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների համագործակցության արդյունքում:

Երեկ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց՝ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողոսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում։

«Մեդիան կենտրոնացել է նրա վրա, որ Միհրան Պողոսյանը Կարելիայում բռնվել ա ու հիմա էլ դիմել ա, որ իրան քաղաքական ապաստան տան, բա մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողոսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում, մի տարի է գիտենք, որ Միհրան Պողոսյանը պետք է քրեական հետապնդման ենթարկվի։ Էդ նույն նախաքննության մարմիններն էնքան սպասին, որ էդ մարդուն տարան առոք-փառոք ճանապարհեցին, որ հետո չկարողանան բռնեն։ Մեկդ էդ հարցը չեք բարձրացնում՝ էդ ո՞նց գնաց, բա ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց, ի՞նչ բանի էիք, որ «Բուլկի Արամը» գնաց, էդ հարցը չի՞ հետաքրքրում ձեզ։ Ինձ սա է հետաքրքրում, իսկ էդ մարդը, որ արդեն գնացել ա ու կարա դիմի... հա Գոնսալեսը Պրահայում ա դիմել, որ ինքը քաղաքական հետապնդվող ա, Ռոդրիգեսը Մոսկվայում ա դիմում, Խոսե Իգնասիոն էլ կարող ա Մեքսիկայում դիմի, և Հայաստանը բերել սարքել եք սերիալ, սա ի՞նչ բան է», - ասաց Մարուքյանը։

Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ըստ ՀՔԾ-ի` Արամ Հարությունյանը, ով 2007թ. հունիսի 8-ից զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել և ստացել է 14 մլն դոլար կաշառք հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելու համար: Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: