Պուտինը հանձնարարել է քննարկել Էրդողանի Ղրիմ հնարավոր այցի ձևաչափը

Ղրիմ - Սիմֆերոպոլում կառուցվող մզկիթը, հունվար, 2019թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հնարավոր այցի ձևաչափը՝ Ղրիմում մզկիթի բացման շրջանակում, որը նախատեսված է տարեվերջին:

«Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ շահագրգիռ կրոնական կազմակերպությունների մասնակցությամբ, քննարկել Ռուսաստանի Դաշնություն Թուրքիայի Հանրապետության նախագահի հնարավոր այցի ձևաչափը՝ Սիմֆերոպոլում Տաճարային մզկիթի բացմանը մասնակցելու համար»,- Կրեմլի կայքում հրապարակված համապատասխան հանձնարարականի տեքստն է մեջբերում ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Նախագահի հանձնարարականը պետք է կատարվի մինչև հունիսի 1-ը:

Պուտինը ավելի վաղ հայտնել է, որ արդեն հրավիրել է Էրդողանին Ղրիմում մզկիթի բացման արարողությանը, և, Կրեմլի ղեկավարի խոսքով, Թուրքիայի նախագահը դրական է արձագանքել այդ առաջարկին:

Պաշտոնական Անկարան, որը չի ճանաչում Ղրիմը որպես Ռուսաստանի մաս և անընդհատ բարձրաձայնում է, թե մեծապես անհանգստացած է Ղրիմում ապրող թաթարների ճակատագրով, առայժմ հրապարակավ չի արձագանքել Մոսկվայից հնչող այս հայտարարություններին: Թուրքիան նաև աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Ղրիմ ժամանելու դեպքում Ռեջեփ Էրդողանը կդառնա օտարերկրյա պետության առաջին ղեկավարը, ով բռնակցումից հետո այցելում է թերակղզի: