Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործը վերաբացվել է

Քննչական կոմիտեն վերաբացել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ 2014-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործը: Կա չորս մեղադրյալ:

«Ազատւթյան» հարցին, թե Սեդրակ Օսիպյանից բացի, նախկինում գործով անցնող անձանցից ովքե՞ր են այսօր մեղադրյալի կարգավիճակում, Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը պատասխանեց․ - «Սեդրակ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասին հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով»:

Հարությունյանը նշեց, որ Վանուշ և Վիգեն Ալեքսանյան եղբայրները, որոնցից մեկը տուժող է, երկուսն էլ գործով մեղադրյալներ են․ - «Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով»:

5 տարի առաջ, Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանություն հետևանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից: Դեպքից հետո, Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդ տարիներին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է գործարքի գնալ և իր որդու (ով ներկա է եղել վիճաբանությանը) ուսերին բարդել դանակահարությունը։

Վալերի Օսիպյանը, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո երկրի երկրի ոստիկանապետ նշանակեց, առայսօր հերքում է այս պնդումները:

2014-ին Սմբուլ Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո, Օսիպյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, բայց Հատուկ քննչական ծառայությունը կարճեց այն՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Այսօր «Ազատության» հետ զրույցում, Սմբուլ Հովհաննիսյանի ավագ որդին՝ Սամվել Հովհաննիսյանը, ասաց, որ 5 տարվա վաղեմության գործը վերաբացվելուց հետո փոխվել է իր կրտսեր եղբոր կարգավիճակը՝ վկայից դարձել է մեղադրյալ:

Նա պնդեց, որ Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած եղբորն այնտեղ ձերբակալել են՝ հավելելով, որ մտավախություն ունի, որ ինչպես նախկինւոմ, այնպես էլ հիմա փորձ է արվում տեղի ունեցածն իր եղբոր ուսերին բարդել:

Սամվել Հովհաննիսյանն ասում է, թե 5 տարի առաջ Սեդրակ Օսիպյանի դեմ ցուցմունք տվածները, այդ թվում դանակահարված երիտասրադն ու նրա եղբայրը, այսօր հրաժարվում են դրանցից․ - «Մեր պահանջն այն է, որ իմ եղբոր կարգավիճակը վկայից չփոխեն: Ու նա չի ուզում ցուցմունք տա, որովհետև մենք չենք ուզում, որ մեզ օգտագործեն պարոն Օսիպյանի դեմ: Փորձը ի՞նչ է ցույց տալիս․ բոլորը գրել են Սեդրակ Օսիպյանի դեմ, բայց դա բավարար հիմք չի համարվում Քննչական կոմիտեի համար: Նրանք ուզում են կոնկրետ, որ ես գրեմ, իմ եղբայրը գրի, որ դա հիմք հանդիսանա: Ես էլ ասում եմ՝ ես էդ մարդու հետ կիսելու ոչինչ չունեմ: Իսկ եթե չգրենք, իմ եղբոր կարգավիճակը դուրս ա գալիս, որ փոխվել է՝ դարձել է մեղադրյալ: Հիմա ես պաշտպանվում եմ լրատվամիջոցների միջոցով»:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավարը հերքեց այս պնդումները․ - «Կոչ եմ անում չփորձել ճշմարտությունից զուրկ հայտարարություններով չխանգարել քննության ընթացքին: Որովհետև նախաքննական մարմինը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և նպատակ ունի ապահովել գործի լրիվ և բազմակողմանի քննությունը»:

Սամվել Հովհանինսյանը նաև պնդեց, թե միջադեպից հետո իր եղբայրը երկիրը լքել է, որովհետև նկատել էին, որ Վալերի Օսիպյանը միջամտել է գործին՝ ի վնաս իրենց:

Օսիպյանն այսօր չձայնագրվելու պայմանով «Ազատությանը» փոխանցեց, թե ինքը երբեք չի միջամտել գործին ու չի էլ միջամտելու: Ասաց՝ թող արդար քննությունը պարզի, թե ով է մեղավորը: Օսիպյանը հավելեց, որ եղբոր որդուց լուր չունի, չի շփվում նրա հետ:

Սեդրակ Օսիպյանը, ում առաջադրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեղադրանք, «Ազատությանն» ասաց, թե իրեն վերագրվող հոդվածներն անհիմն են, ինքը ոչ մեկին չի դանակահարել, այսօր էլ պատրաստ է առերեսվել գործով անցնող բոլոր անձանց հետ․ - «Ես չեմ դանակահարողը: Դանակահարողը Սարգիս Հովհաննիսյանն ա, իրա ծնողներն էլ գիտեն ով ա դանակահարողը: Էսքան ժամանակ ես չեմ խոսացել էդ թեմայի մասին, ու Սարգիսին չեն հարցաքննել: Բնական ա, ոչ մի կողմն էլ չեն իմացել ճշմարտությունը, բայց էսօր էն պահն ա, որ արդեն պետք է իմանան բոլորն էլ ճշմարտությունը»:

Տարիներ առաջ գործով տուժող ճանաչված դանակահարված Վանուշ Ալեքսանյանն ու նրա եղբայրը՝ Վիգեն Ալեքսանյանը գործի վերաբացումից հետո արդեն մեղադրյալի կագավիճակ ունեն: