Փաշինյանը Էրդողանի երեկվա հայտարարությունը «ծայրահեղ ատելության խոսք» է որակել

Հայաստանի աշխարհիկ և հոգևոր առաջնորդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, 24-ը ապրիլի, 2019թ․

«Մահվան երթերի ուղարկված Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը՝ Հայոց ցեղասպանության զոհերին «հայկական ավազակախմբեր և նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելը և դա արդարացնելը՝ որպես «ամենաողջամիտ գործողություն» ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլ նաև մի ողջ ազգի սպանդի արդարացում»,- «Թվիթերում» գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

Էրդողանը երեկ կայացած գիտաժողովում հայտարարել էր․ - «Աքսորն ու կոտորածը տարբեր երևույթներ են, Արևելյան Անատոլիայում մահմեդական բնակչությանը՝ կանանց, երեխաներին, ծերերին սպանած հայ ավազակախմբերի և նրանց աջակիցների աքսորը այն ժամանակ ընդունված ամենաողջամիտ որոշումն էր»:

Ի պատասխան Փաշինյանը «Թվիթերում» նաև գրել է․ - «Նման բան հայտարարելը ապրիլի 24-ին ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաև ողջ մարդկությանը ուղղված վիրավորանք է, անձամբ Էրդողանի կողմից հնչեցված ծայրահեղ ատելության խոսք»: Հայաստանի վարչապետը կոչ էր արել աշխարհին արձագանքել: