«Միհրան Պողոսյանի դեմ ոչ թե քաղաքական, այլ քրեական հետապնդում է իրականացվում, ինչն արդարացի է». իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում է՝ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայորի կոչում ստացած Միհրան Պողոսյանի դեմ ոչ թե քաղաքական, այլ քրեական հետապնդում է իրականացվում, ինչն արդարացի է:

Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե Ռուսաստանում կալանավորված Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի իշխանություններից, իրավապաշտպանն ընդգծեց՝ Պողոսյանը քաղաքական դեմք չէ, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվի, թեև Ալեքսանյանը չբացառեց, որ Ռուսաստանը բավարարի ապաստան ստանալու նրա դիմումը:

«Միհրան Պողոսյանի կողմից քաղաքական ապաստանի խնդրանքը Ռուսաստանին հասկանալի է, քանի որ Ռուսաստանն այսպես ստրկատիրական կարգավիճակ էր տվել, և նախորդ իշխանությունն ընդունել էր այդ կարգավիճակը։ Ես բնական եմ համարում, որ այնտեղ պաշտպանություն են գտնում ինչպես նախկին պաշտպանության նախարարը և հիմա էլ Միհրան Պողոսյանը, որը օլիգարխիկ ամենահայտնի դեմքերից մեկն էր, ընդ որում ոչ միայն օլիգարխիկ, այլև իր լկտի պահվածքով բավականին հայտնի, և այդպիսի մարդիկ հանդուրժվել են նախորդ իշխանության կողմից, գեներալների կոչումներ են ստացել։ Չեմ բացառում, որ Ռուսաստանը հովանավորի և նրան տա այդ հնարավորությունը ապաստան գտնելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։

Հարցին, թե նման հիմքեր չկա՞ն քաղաքական հետապնդման մասին խոսելու, իրավապաշտպանը պատասխանեց. - «Ես բացառում եմ քաղաքական հետապնդումը, ընդհանրապես Միհրան Պողոսյանն ի՞նչ քաղաքական դեմք կարող է լինել։ Քաղաքական դեմք չեմ համարում առհասարակ Միհրան Պողոսյանին, և որ նա քաղաքական հետապնդման... նա պարզապես քրեական հետապնդման է ենթարկվում, ինչը համարում եմ տեղին և արդարացի»։

Հիշեցնենք, ըստ Հատուկ քննչական ծառայության, Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ավելի վաղ Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի հանրապետությունում և ձերբակալվել։