Էրդողանը կրկին կոչ է անում Հայաստանին բացել արխիվները

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ Հայաստանին կոչ է արել բացել արխիվները:

Այսօր ելույթ ունենալով Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրություններին դրանց նպաստի թեմայով գիտաժողովին Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայի արխիվները բաց են, և իրենք թաքցնելու ոչինչ չունեն:

«Ճշմարտությունը գտնելու նպատակ ունեցողների համար մեր արխիվները ամբողջովին բաց են։ Թաքցնելու բան չունենք։ Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի թեմաներով Թուրքիային մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին դասեր տվողները բոլորն էլ արյունոտ անցյալ ունեն։ Մինչև օրս Հայկական հարցը շահարկող ոչ մի խումբ և պետություն իր պնդումները չի կարողացել ապացուցել արխիվային փաստաթղթերով։ Գիտենք, որ այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումներով լարվածություն ստեղծողներից ոչ մեկի հոգը չէ ճշմարտությունը», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ Հայաստանին, ինչպես նաև երրորդ երկրներին կոչ անելով բացել իրենց արխիվները պատմաբանների ուսումնասիրության համար:

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, հակադարձելով Էրդողանին, կարծում է, որ Ցեղասպանության հարցը երրորդ երկրների խորհրդարանների օրակարգից պետք է տեղափոխել թուրքական մեջլիս:

Նրա համոզմամբ, միայն այդ ժամանակ Թուրքիան կառերեսվի ճշմարտությանը․ - «Թուրքիայի խորհրդարանի մեջ պետք է որ խոսինք: Եթե դա լինի, եթե Հայոց ցեղասպանության հետ առերեսվենք Թուրքիայի խորհրդարանի մեջ, ուրիշ խորհրդարանները պետք չունի, որ խոսին: Պետք է որ հոս խոսինք, առերեսվենք Հայոց ցեղասպանության հետ, անիկա վերջը պիտի ըլլա»:


Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ի առիթով նաև նամակ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում մասնավորապես ասված է. - «Այս տարի էլ հիշում եմ Առաջին համաշխարահային պատերազմի ընթացքում ծանր պայմաններում մահացած օսմանյան հայերին ու խորին ցավակցությունս հայտնում նրանց թոռներին: Հայ համայնքը և՛ Օսմանյան կայսրության, և՛ Թուրքիայի Հանրապետության հարուրամյա պատմության ընթացքում շատ արժանի զավակներ ծնելով՝ մեծապես նպաստել է մեր երկրի զարգացմանը: Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր մեր հայ քաղաքացիները, լինելով իրավահավասար և ազատ, կարևոր դեր են խաղում մեր երկրի հասարակական, քաղաքական և առևտրային կյանքի ամեն բնագավառում: Մենք կշարունակենք լինռլ ձեր կողքին՝ ձեր ցավերը թոթափելով և խնդիրները լուծելով: Ցանկանում եմ ընդգծել, որ մեզ համար առանձնակի կարևոր է հայ համայնքի հանգստությունը, անվտանգությունն ու երջանկությունը: Այս առիթով ցանկանում եմ, որ հայ համայնքը րոպե առաջ կրոնական նոր առաջնորդ ընտրի: Հաջողություն եմ մաղթում»:

Նշենք, որ Էրդողանի այս ուղերձը այս տարի չընթերցվեց Պոլսո Հայոց պատրիարքարանի մայր եկեղեցում առավոտյան մատուցված պատարագի ժամանակ, այն հրապարակվեց ավելի ուշ:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Մարդու իրավունքների կազմակերպության ստամբուլյան գրասենյակի խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի նախաձեռնությամբ Սուլթանահմեդի հրապարակում հիշատակի միջոցառում է կազմակերպվել, որը, սակայն, խոչընդոտվել է թուրքական ոստիկանության կողմից:

Շիշլիի հայկական գերեզմանատանը հիշել են 2011 թվականի ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ ծառայակցի կողմից սպանված հայազգի Սևակ Շահին Բալըքչըին:

Այսօր երեկոյան Ապրիլի 24-ի հիշատակի հարթակի նախաձեռնությամբ 1915 թվականի զոհերի հիշատակը միջոցառում է նախատեսված Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի մերձակա Շիշհանեի հրապարակում: