Ֆրանսիայում նշվում է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրը

Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ, արխիվ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ինչպես ամեն տարի, հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպել հայ համայնքի համար։

Բեմի վրա գրված հայտարարությունը խորագրված էր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Իր ելույթում Անն Իդալգոն նշեց այսօրվա արարողության առանձնահատուկ բնույթը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի կողմից Հայոց ցեղասպանության ոգեկոչումներին պաշտոնական բնույթ տալու լույսի ներքո։

Փարիզի քաղաքապետը նաև խոսեց Հայ դատի համար համայնքի տարած պայքարի մասին։ Իդալգոյի խոսքով՝ պայքարը դարձել է Ֆրանսիայինը՝ մաս կազմելով Ֆրանսիայի կողմից արդարության և ճշմարտության համար մշտապես տարվող պայքարի։

«Մենք ձեր կողքին ենք», - վստահեցրեց քաղաքապետը։

Ապա նա նշեց առաջիկա միջոցառումները, որոնցից մեկը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրի մահվան առաջին տարելիցին և, ընդհանուր առմամբ, երգչի մեծարմանը։ Անն Իդալգոն կատարեց մի այլ կարևոր հայտարարություն, որ քաղաքապետարանը շուտով, համաձայն իր խոստման, նախաձեռնելու է Փարիզ քաղաքում հայկական հիշողության մի կենտրոնի հիմնադրումը։ Ըստ քաղաքապետի՝ այդ կենտրոնը կգտնվի Փարիզի 15-րդ թաղամասում։ Իդալգոն իր ելույթում դրվատեց հայերի ստեղծագործական ոգին, «որի ապացույցն է Երևանի «Թումո» դպրոցը, որի օրինակով է Փարիզում հիմնադրվել նույն անունով մի դպրոց»։

Մյուս բանախոսները՝ Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը համայնքի անունից երախտագիտություն արտահայտեցին նախագահ Էմանյուել Մակրոնի որոշման հանդեպ՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու առթիվ, անդրադարձան նաև Նոտր Դամ տաճարի հրդեհին՝ հիշեցնելով, որ Փարիզի մայր եկեղեցում ամեն տարի ապրիլի 24-ի մոտակա կիրակի օրվանից առաջ կամ հետո հոգեհանգստյան պատարագ էր մատուցվում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Վերջին բանախոսը Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանն էր: Նա խոսեց հայերի այսօրվա դժվարությունների մասին՝ լինի Արցախում թե Հայաստանում, մի ժողովուրդ, որը, ինչպես ասաց նա, շրջապատված ոչ բարեկամական երկրներով, շարունակում է դիմակայել։

Հայոց ցեղասպանության ազգային օրվա պաշտոնական արարողությունները շարունակվում են։ Այսօր ժամը 17-ին Կոմիտասի հուշարձանի մոտ հավաքված փարիզահայերի բազմության առջև կառավարության անունից ելույթով հանդես կգա Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը։