«Ամբողջ աշխարհում հաջողված քաղաքական գործիչները սեփականատերերն են»․ Ծառուկյանը համեմատվեց Բեռլուսկոնիի և Թրամփի հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հակադարձում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի դիրքորոշմանը, թե ԲՀԿ-ն պետք է որոշի՝ կա՛մ բիզնեսով է զբաղվելու, կա՛մ քաղաքականությամբ․ - «Ուրեմն ինքը շատ փոքր մարդ ա, ինքը թող գնա լրագրությամբ զբաղվի: Ես ուզում եմ ասել, որ ամբողջ աշխարհում հաջողակ քաղաքական գործիչները սեփականատերերն են»:

Մինչև պատգամավոր ընտրվելը Հայկ Գևորգյանը լրագրող էր, լուսաբանում էր տնտեսական ոլորտը:

«Ամբողջ աշխարհում հաջողված քաղաքական գործիչներից Բեռլուսկոնին և Թրամփը, բոլորդ էլ գիտեք: Եվ էլ չեմ ուզում անդրադառնալ հետ», - լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը:

Հայկ Գևորգյանի հայտարարությանը նախորդել էր Ազգային ժողովում ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագծի թեժ քննարկումը: Գևորգյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ 17 տարի առաջ «ԱրարատՑեմենտ» գործարանը Ծառուկյանը ձեռք է բերել 200 հազար դոլարով, երբ կային 35 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին:

Հայտարարությունից վրդովված Ծառուկյանը իշխանական պատգամավորին հակադարձել էր՝ ասելով, որ եթե կարողանա ապացուցել այդ գնով է ձեռք բերել, գործարանը կնվիրի պատգամավորին:

Հարցին՝ խոստումն ուժի մե՞ջ է, թե՞ մտափոխվել է, Ծառուկյանը պատասխանեց՝ հղում անելով իր թիմակից Միքայել Մելքումյանին․ - «Դուք տեսաք, որ Մելքումյանը ներկայացրել է․ ոչ թե 200 հազար, այլ դա, ասենք թե, չեմ իմանում քանի միլիոն ա եղել, դեռ ավելին ա եղել: 200 հազարը եղել ա՝ ովքեր էդ բոլոր պարտքերը կփակեն, որ կտրել են և՛ հոսանքները, և՛ գազը․․․ Մանավանդ Արամ Սարգսյանի դուրս գալուց հետո գործարանը վաբշե անմխիթար վիճակում ա կայացել: Երկու տարի մնացել ա առանց ասենք թե․․․ էսիմ ով ա կառավարել: Բոլորը գնացեք նայեք: Էղել են գործարաններ, որ էդ գնով: Թող գնան դրա հետևից»:

Ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովում ԲՀԿ-ական պատգամավորների, այդ թվում Ծառուկյանի աննախադեպ ակտիվությունը մեկնաբանվեց որպես սեփական բիզնեսի՝ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի շահերի պաշտպանություն: Մինչդեռ Սահմանադրությամբ պատգամավորին արգելվում է զբաղվել բիզնեսով:

Ծառուկյանը իրեն սեփականատեր է համարում և կարծում է, որ շահերի բախում չկար օրենսդիրում․ - «Այնտեղ շահերի պաշտպանություն չի եղել: Դա եղել ա աշխատողների շահերը: Մենք ասել ենք՝ այսօր հիմնական խնդիրը որ հենց էդ աշխատողներն իմանան, որ մեր համար միևնույն ա ինչ օրենք կընդունեն: Քանի որ այդ ընդունողը հենց, ասենք թե, հանձնաժողովն ա»:

ԲՀԿ առաջնորդը օրեր առաջ ամփոփելով հեղափոխության մեկ տարին՝ դժգոհել էր իշխանության աշխատանքից: Նա շեշտել էր, որ Փաշինյանից է միայն գոհ: Հայտարարել էր, թե տնտեսության զարգացման տեմպերն իրեն չեն բավարարում:

Անցած շաբաթ Ծառուկյանը հանդիպել էր Նիկոլ Փաշինայնին: Հարցին՝ հայտնե՞լ է իր դժգոհության մասին եւ ինչ խորհուրդներ է տվել գործադիրի ղեկավարին, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց․ - «Ոչ թե խորհուրդներ պարոն վարչապետին: Հիմնական խնդիրը, ես նորից եմ ասում՝ էսօր ամեն մի պատասխանատում ամեն ոլորտի պետք է լիարժեք ինքը զգա տվյալ ոլորտի առավելությունը, արդյունավետությունը, որ ասենք՝ տվյալ ոլորտին պատասխանատուն լիարժեք ինչ-որ բան փոխեց մարդկանց կյանքում: Վարչապետի հետ հանդիպում եմ ունեցել ներդրումների համար, ինչը որ միասնական կազմակերպենք: Հարցերը, ինչը որ մենք քննարկել ենք, բոլորը լուծում ա ստացել: Վարչապետը հիմնականում ասում ա՝ որ հարցով որ ինչ-որ բողոք կա, դիմում են, պետք է գնան ստուգեն: Եվ դա միանշանակ մենք կողմ ենք: Բայց էսօր էս մեկ տարի ա, որևիցե մեկի կյանքում․․․ կան փոփոխություններ, հո ես չեմ ասում փոփոխություն չկա: Բայց տնտեսական, սոցիալական փոփոխություն չկա: Իսկ դա հիմնական խնդիր ա: Նորից մարդիկ պատրաստվում են արտագաղթել»:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք հնարավոր է մեկ տարում նման փոփոխություններ կատարել, Ծառուկյանն արձագանքեց․ - «Երեք ամսում էլ ա հնարավոր»: