Գործունեության գրեթե երկու տասնամյակների ընթացքում թանգարանը մեծ դեր է ունեցել թե՛ որպես գիտական հաստատություն՝ տասյակ ու տասնյակ գրքեր, վավերագրեր և պատմական փաստաթղթեր հրատարակելով Հայոց Ցեղասպանության մասին, թե՛ որպես թանգարան, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է իր աչքով տեսնել այն արհավիրքի վավերագրությունը, որի միջով անցել է 1,5 միլիոն հայ նախորդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարիներին:
Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը թանգարանը ղեկավարում է անցյալ տարվա հոկտեմբերից: Նրա խոսքով, ինչպես նախորդ տարիներին, 2018-2019 թվականներին ևս թանգարանը զբաղված է գիտահավաքչական աշխատանքով, որը լուրջ նպաստ է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Թանգարանի աշխատանքներն ընթանում են հինգ հիմնական ուղղություններով՝ գիտական, կրթական, մշակութային, հիշողության և քարոզչական: Թանգարանն ունի 15 գիտաշխատող, իսկ ընդհանուր աշխատակիցների թիվը 82 է:
«Թանգարանում նվիրյալներ են աշխատում: Ինձնից առաջ էլ, իմ ժամանակ էլ, ինձնից հետո էլ նույն մարդիկ տիպի մարդիկ են լինելու», - ասաց Մարությանը:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համագործակցում է արտասահմանյան բազմաթիվ գիտական կենտրոնների հետ: Հարություն Մարությանի փոխանցմամբ, դրանց թիվը անցնում է երկու տասնյակը:
Համագործակցության բազմաթիվ պայմանագրեր ունեն․ - «Դրանց մի մասի ժամկետը լրացել է, որովհետև դրանք կնքվում են 3 տարով, 5 տարով: Երբեմն դրանց տակ գործ չի արվել, երբեմն արվել է: Ես փորձելու եմ քանակի հետևից չընկնել, ես փորձելու եմ ռեալ: Կանադայի Մարդու իրավունքների թանգարանից եկան, հուշագիր ստորագրեցինք: Ըստ երևույթին, ժամանակավոր մի ցուցադրություն կգնա այնտեղ: Նրանց հետ միասին մենք կկազմակերպենք մի գիտաժողով վստահաբար մյուս տարվա ընթացքում»:
Տարիներ շարունակ թանգարանը բազմաթիվ միջազգային գիտաժողովներ է կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, նաև մասնակցել է ամենատարբեր երկրներում տեղի ունեցող գիտաժողովների և ցուցահանդեսների․ - «Տարբեր պատվիրակություններ են գալիս: Անցյալ տարի եկել է 60 պատվիրակությունը ամբողջ աշխարհից: Մենք աշխարհի համար ենք, մենք Հայաստանի, հայ ժողովրդի համար ենք: Նաև՝ ժխտողականության դեմ միջազգային հանրությանը ներկայացնելու գործիք»:
Թանգարանում գիտաժողովների են մասնակցել նաև թուրք գիտնականներ, թանգարանն ամեն տարի ունենում է նաև ազգությամբ թուրք այցելուներ․ - «Անցյալ տարի եկել է 316 թուրք և Թուրքիայի քաղաքացի այցելու: Այս տարի, կարծես թե, դրա մեկ տասներորդը դեռևս: Ես այս տարի եղել եմ Ստամբուլում: Գիտաժողով էր՝ նվիրված մեմորիալ կառույցներին: Աշխարհի տարբեր տեղերից՝ Կամբոջա, Ռուանդա, եվրոպական երկրներից, Միացյալ Նահանգներից, թանգարանների աշխատակիցներ էին, որոնք ներկայացնում էին մեմորիալ՝ հուշային թանգարանները: Ես ներկայացրեցի մեր թանգարանը, խոսեցի մեր թանգարանի այսօրվա վիճակի մասին և պլանների մասին: 20 րոպե խոսել եմ, 50-ից ավելի նկար եմ ցույց տվել»:
«Ազատության» հարցին, թե հնարավոր համարում է, որ թուրքական իշխանությունները երբևէ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, Հարություն Մարությանն արձագանքեց․ - «Դրանց պարագայում առանց ժողովրդավարացման չի լինի: Որովհետև հայկական խնդիրը նաև ժողովրդավարացման գործիքներից մեկն է: Ճշմարտությունը ասելը հեշտ չի, ճշմարտությունն ասելու համար դու պետք է լինես ժողովրդավար, կամ գնաս դեպի դա: Ինչքան իրենք մոտենան դրան, այնքան ավելի բան կլինի․․․ Բայց, օրինակ, «Հրանտ Դինք» հիմնադրամում հետազոտական աշխատանք են տանում․ նրանք այցելում են նախկին հայաբնակ ռեգիոնները և փորձում են տեղում նյութեր հավաքել կա՛մ վերապրողներից, կա՛մ հիշողություններ մարդկանց Հայոց ցեղասպանությունը վերապրողների մասին: Հրատարակում են դա և՛ թուրքերեն, և՛ անգլերեն»: