Ըստ Ռուբեն Վարդանյանի, ոչ բոլորին է ուրախացնում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ամբողջ աշխարհում օգնության կարիք ունեցող մարդկանց փրկելուն և աջակցելուն զուգահեռ տեղեկացնում է Հայաստանի, հայերի և Հայոց ցեղասպանության մասին։
Այս առումով Վարդանյանը պատահական չի համարում, որ հարևան երկիրը պահանջում է փողերի լվացման հետաքննությունն անվանել ոչ թե «Տրոյկա լվացքատուն», այլ «հայկական լվացքատուն»։
Հիշեցնենք՝ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը հաղորդել էր, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ընկերությունն ընդգրկված է եղել կոռուպցիոն սխեմաներում, որոնց միջոցով լվացվել է շուրջ 9 միլիարդ դոլար:
Ընդ որում, ըստ «Հետք» պարբերականի, Ռուսաստանի քաղաքական և հանցավոր շրջանակներն օրինականացրել են իրենց ֆինանսները՝ օգտագործելով նաև հայ արտագնա աշխատողների և գործարարների կեղծված ստորագրությունները։
Հայաստանի գլխավոր դատախազությունն անցած ամսվանից ուսումնասիրում է «Հետք»-ի հոդվածը, այս պահին քրեական գործ հարուցված չէ։
«Ազատություն»․ - Պարոն Վարդանյան, Դուք համաշխարհային մակարդակի մարդասիրական ծրագիր եք իրականացնում, սակայն Ձեր անունը հոլովվեց նաև փողերի լվացման գործի հետ կապված: Սա Ձեզ մարդկայնորեն չի՞ ընկճում, և արդյո՞ք այս ամենը չի կարող իր ազդեցությունը ունենալ նաև «Ավրորայի» վրա ընդհանրապես: Քանի որ այդ գործը ուսումնասիրվում է նաև Հայաստանի դատախազության կողմից, Ձեզ հրավիրե՞լ են քննչական մարմիններ:
Ռուբեն Վարդանյան․ - Հայրս մի բան էր միշտ ասում՝ եթե մի լավ բան ես անում, ուրեմն պատրաստ եղիր, որ ստանաս վատություն։ Վստահ եմ, որ «Ավրորա»-ն շատ մարդկանց մոտ բերում է շատ լուրջ նեգատիվ էմոցիաներ, և ոչ բոլորն են ուրախ։ Դուք գիտեք, որ մեր հարևան երկիրը պահանջում է, որ դա լինի ոչ թե «Տրոյկա Laundromat», այլ «հայկական Laundromat»: Դրա համար ինձ թվում է, որ ինչ որ Դուք անում եք, Դուք ջուրը լցնում եք իրենց օգտին, չգիտեմ, ինչի համար եք դա անում, դա Ձեր որոշումն է՝ որպես հայ աղջկա և ընտանիքում ծնված և մեծացած, բայց դա Ձեր որոշումն է։ Ես միշտ ապրել եմ պարզ ու բաց, և ինչ որ գումարներն աշխատել եմ, գնացել է բարեգործության վրա, դրա համար ես պարզ ու հստակ նայում եմ բոլորի աչքերին: Եվ եթե ինչ-որ մարմինների կարևոր է իմ հետ գործակցել, պատրաստ եմ: Բայց ոչ մի երկրում, ոչ մի տեղ տենց բան չի եղել: Ասեմ Ձեզ մի բան, որ Դուք հասկանաք ինչքան եք Դուք սխալվում՝ 137 դեսպան ունենք, ոչ մեկը չի հրաժարվել «Ավրորայից»:
Նշենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեցին 2019-ի «Ավրորա» մրցանակի հերոսների անունները:
Մրցանակի հավակնորդներից է Միրզա Դինային, ով Իրաքում գործող մարդասիրական կազմակերպության համահիմնադիր է: Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից:
«Ավրորա» մրցանակի երկրորդ հավակնորդը՝ Զանա Բուկար Մուստաֆան է: 2016 թվականին փաստաբան Մուստաֆան գաղտնի հանդիպել է «Բոքո հարամի» ապստամբների հետ անտառներում տեղակայված նրանց թաքստոցում և վերադառնալով այնտեղից՝ իր հետ բերել է առևանգված 21 երեխայի: Նա նաև բանակցել է ևս 82 աղջիկների ազատ արձակման շուրջ:
«Ավրորայի» երրորդ հավակնորդ հերոսը Հուդա ալ Սարարին է, փաստաբան և ակտիվիստ: Եմենցի կինը հետաքննել և բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանց, որտեղ անազատության մեջ են պահվում հազարավոր տղամարդիկ և տղաներ:
Այս տարվա հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում անցկացվելիք «Ավրորա» ֆորումի շրջանակներում տեղի կունենա «Ավրորա» մրցանակի հանձնման 4-րդ հանդիսավոր արարողությունը, և մրցութային հանձնաժողովն այս 3 թեկնածուներից կընտրի մեկին: Հաղթողը կստանա մեկ միլիոն ամերիկյան դոլար, որը կծախսվի մարդասիրական ծրագրերի վրա:
Ի դեպ, «Ավրորայի» շնորհիվ 2015-18 թվականների ընթացքում փրկվել կամ շարունակում է անհրաժեշտ օգնություն ստանալ աղքատության մեջ և պատերազմից տուժած գոտիներում գտնվող ավելի քան 800 հազար մարդ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից Նուբար Աֆեյանը շեշտեց, որ իրենք այս ծրագիրը նվիրում են աշխարհին, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհի տարբեր երկրներում հենց օտար մարդիկ օգնության ձեռք մեկնեցին հայերին:
Ռուբեն Վարդանյանն իր հերթին ընդգծեց, որ այսօր մարդասիրական ծրագրերով աշխարհին շնորհակալություն հայտնելով ավելի մեծ արդյունքների կարելի է հասնել, քան թե միայն ասել, թե ինչպես են թուրքերը ցեղասպանություն իրականացրել․ - «Մեզ թվում է, այդ ճանապարհը մարդասիրական, որ մենք ասում են շնորհակալություն, դուք փրկել եք տասը տոկոսը հայ ազգի, որ էսօր ապրում է աշխարհում, ապրում է, որովհետև դուք փրկել եք մեզ, ու մենք էսօր ասում ենք շնորհակալություն, ինձ թվում է, սա ավելի ուժեղ է աշխատում, քան թե ուղղակի ասելով, որ թուրքերը վատն են, նրանք սպանել են, նրանք մեզ կողոպտել են: Դա էլ է կարևոր, պատմությունը չպիտի մոռացվի»:
«Հարյուր տարի առաջ մեզ թուրքերը տալիս էին մահ, մենք պետք է այսօր տանք կյանք, մենք սոված էինք, հիմա պետք է ուրիշներին տանք սնունդ», - հավելեց Նուբար Աֆեյանը: