Դավիթ Տոնոյանը և «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրենը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը

«Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեև, արխիվ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեքշաբթի երեկոյան հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները։ Կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։

Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի մայրաքաղաքում մասնակցում է ապրիլի 23-25-ը անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին: