Բացառված է որևէ մեկի նկատմամբ գործ կարվի, այսօր հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ արձագանքելով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի պնդումներին, թե «Սանասարյանի վրա շինծու գործ է կարվում»։
«Ես Ձեզ վստահեցնում եմ և ես Ձեզ տալիս եմ այդ մեծ թուղթն ու հնարավորությունը՝ բոլոր տեղերն ասեք, որ բացառված է, որ որևէ մեկի նկատմամբ գործ կարվի։ Ընդհանրապես մոռացեք այդ արտահայտությունը, չկա այդպիսի բան», - ասաց գլխավոր դատախազը։
Հարցին, թե գործը կփոխանցվի՞ Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ), Դավթյանը պատասխանեց. - «Քննչական մարմինների փոփոխության համար մենք պետք է, այսինքն՝ այսպես կոչված բացարկի ինստիտուտի գոյության համար պետք է հիմքեր ունենանք, երբ կլինեն այսպիսի հիմքեր, ուրեմն դա կիրացվի, չեն լինի այդպիսի հիմքեր, ուրեմն դա չի իրացվի։ Հիմքեր դեռ չկան»։
Ապրիլի 18-ին պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։ Խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ԱԱԾ-ում հարուցված գործը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթին։ Ըստ ԱԱԾ-ի՝ Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Ինքը՝ Սանասարյանը, մեղադրանքը շինծու է որակում։ Նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանի համոզմամբ՝ իրականացնվող քրեական հետապնդումն անօրինական է։ Փաստաբանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Սանասարյանի վրա շինծու գործ է կարվում, նրա դեմ կեղծ ցուցմունքներ են տրվել։
Փետրվարի վերջին ԱԱԾ-ն հայտնեց, որ հարուցել են քրեական գործ Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վերաբերյալ, պաշտոնեական դիրքի չարաշահման և այլ հոդվածներով։ Մասնավորապես, հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով մեղադրանք էր առաջադրվել ծառայության երկու աշխատակցի՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին, որը մինչ օրս կալանավորված է, և բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանին, վերջինն էլ ստորագրությամբ ազատ է արձակվել։