«Անկարայից եկող հայտարարությունները հուսադրիչ չեն». Մնացականյանը՝ հնարավոր հաշտեցման մասին

«Ինձ համար ամենակարևոր պատգամն այսօր վճռականությունն է՝ արդարությունը վերականգնելու համար», - այսօր Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, հավելելով՝ «այդ պատգամը երբեք չի կորելու, առավել ևս երբ որ արդարությունը դրժված է»։

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ «Հայաստանը վախենում է բացել 1915թ․ իր արխիվները, քանի որ դրանից հետո աշխարհը ապացույցներ կստանա, որ 1915թ․ իրադարձությունները «հայերի ցեղասպանություն» չէ, այլ հակառակը՝ հայկական հրոսակախմբերի կողմից Օսմանյան կայսրությունում մուսուլման բնակչության ցեղասպանություն և ոչնչացում»: Իսկ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ իրենց նախնիներով ու պատմությամբ հպարտանում են, քանի որ իրենց պատմության մեջ ցեղասպանություն, գաղութատիրություն չի եղել:

«Ազատություն». - 100-տարի անց ինչո՞վ եք բացատրում Անկարայի ժխտողականությունը։

Մնացականյան. - Ամենաբարդ հարցն եք տալիս, որովհետև ուղղակի չի տեղավորվում, թե որքանով անհնար է այդ քայլն անելը՝ առերեսվելը պատմության հետ, այդ համարձակությունն ունենալը, մարդկության հանդեպ այդ պատասխանատվությունն ունենալը, որքանով է դա խոչընդոտ իշխանությունների համար, դա ամենամեծ խնդիրն է, ամենամեծ հարցն է, եթե որևէ մեկն այդ պատասխանն ունի... բայց սա նաև պատգամ է, պատգամ է ցեղասպանությունը հաղթահարելու, մենք որպես ժողովուրդ ցեղասպանությունը հաղթահարել ենք։

«Ազատություն». - Հաշվի առնելով Հայաստանի միջազգային աննախադեպ բարձր հեղինակությունը, լեգիտիմությունը՝ հնարավո՞ր է Երևանը հաշտեցման նոր գործընթաց սկսի, պարտադրի Անկարային բացել սահմանները։

Մնացականյան. - Դժբախտաբար, վստահ եմ՝ լսում եք և հետևում եք այն ամենին, ինչ որ գալիս է պաշտոնական Անկարայից, և դրանք հուսադրիչ չեն, կամ հակառակն՝ ավելի քննադատության են արժանի։

«Ազատություն». - Նախապայմա՞ն է Ցեղասպանության ճանաչումն այդ հարցում։

Մնացականյան. - Մենք երբևէ չենք ասել, որ դա նախապայման է։

«Ազատություն». - Բաքվից տեղեկություններ են գալիս, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում։ Շտապե՞լ են, թե՞ սուտ է դա։

Մնացականյան. - Ո՛չ, ներողություն, նման տեղեկություն չի եղել, Ալիև-Փաշինյան հանդիպում չի հայտարարվել։ Գիտեք, որ մենք Մոսկվայում հանդիպել ենք ամսի 15-ին և մենք քննարկել ենք, թե հաջորդ քայլն ինչպես է լինելու, և մոտավորապես ընդգծել ենք, թե որտեղ կարող է լինել և երբ կարող է լինել։ Հիմա մենք քննարկել ենք։ Սա համանախագահներին և երկու նախարարներին է վերաբերում, յուրաքանչյուրը պետք է ճշտի, թե ինչպես է հնարավոր ֆիքսել այդ ժամկետները, և հետո կհայտարարենք։ Գիտեք, որ հանդիպումները տեղի են ունենում տարբեր մայրաքաղաքներում՝ ներառյալ նաև համանախագահ երկրների մայրաքաղաքներում։ Բոլոր տարբերակները բաց են, բայց ճիշտ է, որպեսզի բոլորս պայմանավորվենք, հետո միասին հայտարարենք, ինչպես բոլորս պայմանավորվել ենք։