Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան հաստատում են՝ այդ երկրների ղեկավարները վաղը հանդիպելու են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ըն, արխիվ

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան հաստատեցին, որ այդ երկրների ղեկավարները ապրիլի 25-ին հանդիպում են ունենալու: Կիմ Չեն Ընը այցելելու է Ռուսաստան և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու է հեռավորարևելյան Վլադիվոստոկ քաղաքում:

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ հանդիպմանը որևէ համաձայնագրի ստորագրում կամ համատեղ հայտարարություն նախատեսված չէ:

Հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընին հրավիրել է Ռուսաստան: Այցելության ընթացքում նրանք բանակցություններ կվարեն, նշված է գործակալության հաղորդագրությունում:

Ռուսաստանի նախագահը ապրիլի 26-27-ը Չինաստանում մասնակցելու է հաղորդակցության ուղիների զարգացմանը նվիրված միջազգային համաժողովի և, փաստորեն, Չինաստան մեկնելուց մեկ օր առաջ Վլադիվոստոկում կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդին:

Այնտեղ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Ապրիլի 21-ին Վլադիվոստոկում տեսել են Հյուսիսային Կորեայի ղեկավարի ավագ խորհրդական Կիմ Չանգ Սոնին:

Վլադիմիր Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպումն անցկացվում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի նոր ճնշումների ֆոնին՝ ավարտելու համար Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործարքը: Մարտին Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Փհենյանի նկատմամբ՝ միջուկային ծրագրերի պատճառով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը 2018 թվականի ամռանը և այս տարվա փետրվարին կայացած հանդիպումներում սկզբունքորեն համաձայնության են եկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման համար, սակայն կոնկրետ փաստաթուղթ չի ստորագրվել:

Թրամփի վարչակազմն առաջարկել էր ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների երրորդ գագաթնաժողովն անցկացնել, սակայն Փհենյանը պայմաններ է առաջ քաշել՝ պահանջելով, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն ապագայում չմասնակցի Վաշինգտոնի և Փհենյանի միջև որևէ բանակցությունների:

Հյուսիսային Կորեայի խնդիրներ հետ կապված՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև շփումները շարունակվում են: Անցած շաբաթ Ռուսաստանի մայրաքաղաք էր այցելել Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը, նա հանդիպել է ռուսաստանցի պաշտոնյաների հետ, քննարկել Կորեական թերակղզու լիակատար և վերջնական ապամիջուկայնացմանը հասնելու հնարավորությունները: