Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակ Կարու Ջեյասուրիյային այդ երկրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ, որոնց հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 321 մարդ է զոհվել, շուրջ 500-ը վիրավորվել են:

Հայաստանի խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Խոր ցավով տեղեկացա Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի, վիրավորների և մեծ կորուստների պատճառ են դարձել: Մենք դատապարտում ենք ահաբեկչության և բռնության բոլոր դրսևորումները և հանձնառու ենք հետևողականորեն շարունակել պայքարն ընդդեմ անմարդկային գործողությունների»:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - ասված է Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:

Շրի Լանկայի ղեկավարությանն ավելի վաղ ցավակցական հեռագրեր են հղել Հայաստանի վարչապետն ու նախագահը: