ԱՄՆ-ը է՛լ ավելի է խստացնում Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ - Պետքարտուղար Մայք Փոմփեոն Պետդեպարտամենտում ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 22-ը փետրվարի, 2019թ․

Միացյալ Նահանգները է՛լ ավելի է խստացնում պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Երկուշաբթի երեկոյան պետքարտուղար Մայք Փամփեոն հայտարարեց, թե նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Վաշինգտոնը վերացնում է արտոնությունը, որով Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան կարող էին նավթ գնել Իրանից առանց որևէ սահմանափակման:

«Մենք այլևս որևէ բացառություն չենք անելու այս հարցում», - ասաց պետքարտուղար Փոմփեոն՝ ընդգծելով․ - «Վաշինգտոնն ուզում է Իրանի հանցագործ ռեժիմը զրկել եկամուտներից, որոնք օգտագործվում էին տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու համար»:

«Մենք կշարունակենք պատժամիջոցներ սահմանել և հետևել դրանց իրագործմանը: Ցանկացած պետություն կամ կազմակերպություն, որն աշխատում է Իրանի հետ, պետք է ճշգրտումներ անի և զգուշավորություն ցուցաբերի», - նշեց Փոմփեոն:

Պաշտոնապես նշվում է, որ նոր սահմանափակումը կսկսի գործել տասն օրից՝ մայիսի 2-ից, թե որքան երկար՝ կախված է միայն Իրանի իշխանություններից, երեկ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը:

«Մենք մեր պահանջները շատ հստակ փոխանցել ենք այաթոլային և նրա մերձավորներին՝ վե՛րջ տվեք միջուկային զենք ստեղծելու ձեր նկրտումներին, դադարեցրե՛ք հրթիռային փորձարկումները, վե՛րջ տվեք ահաբեկչության ֆինանսավորմանն ու իրագործմանը, ազա՛տ արձակեք ապօրինի կալանավորված ամերիկացիներին: Մեր ճնշման նպատակն է հասնել այս և մյուս պահանջների իրագործմանը, և այդ քաղաքականությունը կշարունակվի, քանի դեռ Իրանը դրանց չի արձագանքել», - ասաց Մայք Փոմփեոն:

Նա պնդեց՝ այս հարցում Վաշինգտոնը ստացել է դաշնակից մի շարք երկրների, այդ թվում՝ սաուդցիների աջակցությունը: Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի անդամները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, հեշտությամբ կարող են փոխարինել Իրանին նավթի շուկայում, պնդեց ԱՄՆ պետքարտուղարը՝ հիշեցնելով, որ կապույտ վառելիքի արդյունահանման ոլորտում այժմ նաև Միացյալ Նահանգներն է էական դեր խաղում:

Վաշինգտոնի հայտարարությունից առաջ Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչը անանուն մնալու պայմանով պնդել էր՝ Միացյալ Նահանգներին չի հաջողվել զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումները:

«Մենք ուսումնասիրում և վերլուծում ենք հնարավոր բոլոր պայմաններն ու սցենարները՝ մեր երկրի նավթային արտահանումները շարունակելու համար, և արդեն իսկ անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկել», - ասել էր Իրանի նավթի նախարարության պաշտոնյան՝ առանց մանրամասները բացահայտելու:

Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները կրկին հայտնվեցին ճգնաժամում Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, ով վստահ է, որ Թեհրանը շարունակում է միջուկային ծրագիրը, ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս:

Անցած տարի Սպիտակ տան ղեկավարը միակողմանիորեն դուրս եկավ 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված համաձայնագրից՝ վերականգնելով պատժամիջոցները այդ երկրի նկատմամբ: