ԱԺ-ում քննարկվող օրինագծով նախատեսվում է նյութական աջակցության տրամադրել Մարտի 1-ի տուժողներին

Արխիվ -- Երևանը մարտիմեկյան բախումներից հետո, 2-ը մարտի, 2008թ․

Ազգային ժողովը քննարկում է Մարտի 1-ի տուժողներին աջակցություն տրամադրելու իշխանական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը:

«Սա միայն նյութական աջակցության նախագիծ չէ: Այսպիսով վերահաստատում ենք պետության դերը՝ որպես քաղաքացիների իրավունքների, ազատությունների եւ ժողովրդավարական արժեքների պաշտպան», - հայտարարեց նախագծի հեղինակ, Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ հավելելով․ - «Ցավով պիտի արձանագրեմ, որ նախկին կառավարության կողմից ոչ բոլոր տուժածներն են ընկալվել որպես տուժած: Եղել է խիստ տարբերակված մոտեցում: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հարցումներիս ի պատասխան պատկան մարմիններից ստացել եմ տեղեկանք, որում պարզ երևում է այդ անարդար մոտեցումը»:

Հատուկ քննչական ծառայության տվյալներով՝ 2008-ի մարտի 1-2-ին ծանր և միջին աստիճանի վնասվածք ստացել է 63 քաղաքացի, նրանց ինքնությունը հայտնի է: Տուժողների թվում են նաև ոստիկաններ:

Դատախազության տվյալներով, որը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ տուժողների նախնական թիվը՝ ներառյալ թեթև վնասվածք ստացածները, 187-ն են: Արդարադատության նախարարն ասաց՝ քննարկումների ընթացքում հնարավոր է՝ փոխվի թիվը, բայց թեթև մարմնական վնասվածք ստացածները աջակցություն չեն ստանա:

Աջակցության չափն ու կարգը այս նախագծով սահմանված չեն: Օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում կառավարությունը պետք է քննարկի և հաստատի ընթացակարգը: Կստեղծվի աշխատանքային խումբ: Նախարարի խոսքով, օրենքի ընդունումից և կառավարության որոշումից հետո երեք տարվա ընթացքում տուժողները կարող են ներկայացնել համապատասխան փաստաթղթերը:- «Անհրաժեշտ է, որպեսզի իրավական որոշակիություն մտնի, թե երբ կարող է դիմումը ներկայացնել: Անձը կարող է կարգավիճակ ստանալ կամ կարգավիճակի փոփոխություն ստանալու հիմքով դիմելու իրավունք ստանալ այս երեք տարվա ընթացքում ցանկացած պահի»:

Պատգամավորները հետաքրքվեցին այն տուժածների ճակատագրով, որոնց վնասվածքը ժամանակին չի արձանագրվել: Օրինակ, լքել են երկիրը կամ քաղաքական նկատառումներից ելնելով՝ թաքնվել և չեն ներկայացել պատկան մարմիններին: Արդյո՞ք այս խումբը կստանա աջակցություն:

«Այդպիսի դեպքեր եղել են, մարդիկ չեն դիմել բուժվելու համար: Հիշում եմ՝ կային նաև խոսակցություններ, որ կան հրազենային վնասվածք ստացած մարդիկ, ովքեր ուղղակի չեն դիմել: Վստահ չեմ, թե այդպիսիք եղել են, բայց կառավարության կողմից այդ կարգը հաստատելուց հետո, երբ պարզ լինի, թե ինչպիսի աջակցություն է նախատեսվում, կարծում եմ, կլինեն մարդիկ, ովքեր կդիմեն նախաքննության մարմնին», - արձագանքեց Արտակ Զենյալյանը:

Նախագծի Սիսակ Գաբրիելյանն էլ հավելեց․ - «Եթե կան այդպիսի անձինք, ուզում եմ ասել, որ՝ գիտեք, հարուցված է քրեական գործ այդ օրվա իրադարձությունների հետ կապված, և այստեղ վաղեմության ժամկետները անգամ չեն անցել և հնարավոր է քրեական գործի քննության ընթացքում ի հայտ գան նոր տուժողներ, որոնք, եթե այս օրենքի ընդունումից հետո այդ ժամկետներում տեղավորվեն, հնարավոր է այդ անձանց շրջանակը մեծացվի»:

Մարտի 1-ի տուժողներին աջակցություն տրամադրելու նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը: