Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդությունը:

Փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մերժման հիմքում դատարանը դրել է այն հանգամանքը, որ Գրիգորյանի գործն արդեն ուղարկվել է դատարան:

«Դատարանը մերժել է, բայց օրինական հիմքով։ Սա դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից միակ պատճառաբանված, օրենքի հետ աղերս ունեցող դատական միջանկյալ ակտն է։ Եթե բավարարեր մեր միջնորդությունը, ապա դուրս կգար իր լիազորությունների շրջանակներից, օրենքի խախտում կլիներ։ Այսինքն՝ մի հրաշք տեղի ունեցավ, երբ Մարինե Մելքոնյանը Մանվել Գրիգորյանի գործով օրենքի հետ աղերս ունեցող որոշում կայացրեց, թեկուզ և դա մերժումն էր», - ասաց Մկրտչյանը։

Մի շարք ծանր հոդվածներով մեղադրվող նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մարտից գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ Փաստաբանների պնդմամբ՝ նրա առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքէջի, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ։ Մարտիրոսյանը հանրությանը հայտնի է որպես նախկին իշխանության օրոք ընդդիմադիր գործիչներին ազատազրկած դատավոր։

6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մանվել Գրիգորյանը կալանավորված է, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։