Ուկրաինայի նախագահի ընտրություններ․ Զելենսկին Պորոշենկոյից եռակի շատ քվեներ է ստացել

Ուկրաինա - Էքզիթ փոլի առաջին արդյունքների հրապարակումից հետո Վլադիմիր Զելենսկին համբուրում է կնոջը, Կիև, 21-ը ապրիլի, 2019թ.

Այսօր առավոտյան Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տրված քվեների 80 տոկոսի ամփոփման արդյունքներով՝ կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին ստացել է ձայների 73 տոկոսից մի փոքր ավելին, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 24,5 տոկոսը՝ մրցակցից մոտ եռակի պակաս:

Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեց կիրակի օրը: Առաջին փուլը կայացել էր մարտի 31-ին:

Երկրորդ փուլում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, մասնակցությունը բավականին բարձր էր՝ քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 30,2 միլիոն ընտրողների 63 տոկոսը:

Պորոշենկոն երեկ ուշ երեկոյան արդեն ընդունել է պարտությունը և շնորհավորել մրցակցին:

Ուկրաինացիների մոտ երեկ դրական, ակտիվ, աշխույժ տրամադրություններ էին, քանի որ մարդիկ հույս ունեն, որ այս ընտրություններով նոր ժամանակներ կգան երկրում՝ փոփոխությունների ժամանակներ, և մեծ մասն էլ հենց այդ ակնկալիքով էր քվեարկում:

Ուկրաինացիներին առաջին հերթին մտահոգում են կոռուպցիայի հետ կապված հարցերը: Մեծամասնության կարծիքով՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն այդ առումով ձախողվել է ու 2014 թվականից գլխավորելով երկիրը՝ կոռուպցիայի դեմ անհրաժեշտ պայքար չի մղել:

Պորոշենկոն, հիշեցնենք, նույնպես խոշոր սեփականատեր է և համարվում է Ուկրաինայի մեծահարուստներից: