Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետությունում և ձերբակալվել Ռուսաստանի իրավապահների կողմից։ Տեղեկությունը «Ազատության»-ը փոխանցեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի արտահանձնումը Հայաստան ընթացքի մեջ է։ Ուշագրավ է, որ Միհրան Պողոսյանի գրասենյակը ավելի վաղ հայտարարել էր, թե նա հայաստանյան իրավապահներին հայտնել է Մոսկվայի իր հասցեն։
Ըստ ՀՔԾ-ի, Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Օրերս իրավապահները խուզարկություն էին իրականացրել Միհրան Պողոսյանի առանձնատանը։ Իրավապահների գործողության ընթացքում տարածվել էր նախկին պաշտոնյայի գրասենյակի հայտարարությունը, որում ասված էր. - «Ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում»։
ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին է վերսկսել օֆշորի քրեական գործի վարույթը, մինչդեռ 2017-ին քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Այն ժամանակ գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։
Այս տարվա մարտի վերջին Միհրան Պողոսյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չէր ներկայացաել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։