Կյանքը հեքիաթից է սկսվում, ասում է «Տոնացույց» ընկերության ղեկավար Հասմիկ Բաղրամյանը, ով Լոռու մարզի Փամբակ գյուղի երեխաներին այսօր Զատկի մասին հեքիաթ էր պատմում։
Համոզված է, որ նրանք անվերապահորեն հավատում են դրան ու մի օր իրենց սեփական հեքիաթն են ստեղծելու Լոռու հեքիաթ-բնության մեջ։
«Հեքիաթը անժամանակ է, ինքը ունի ժուկով ժամանակով, որը էնքան հին է, ինչքան նոր։ Մենք չգիտենք էդ դեռ կլինի, թե նոր պետք է, ով է ասում, որ հեքիաթը հնի մասին է, չէ, հեքիաթը էսօրվա մասին է, վաղվա մասին է։ Ինքը անժամանակ, ֆանտաստիկ մի բան է։ 21-րդ դարում մարդու մոտ կորում է հեքիաթի զգացողությունը, հրաշքի հավատքն է կորում, ինքը գնալով ավելի ու ավելի մատերիալիստ է դառնում, ավելի նյութապաշտ է դառնում», - ասաց Հասմիկ Բաղրամյանը։
Տարիներ առաջ երաժիշտ Հասմիկ Բաղրամյանը եկել է Փամբակ, բնության հեքիաթ համարել գյուղն ու իր հեքիաթի տունն ստեղծել այստեղ՝ որպես թանգարան-թատրոն։
«Վանաձորից որ գալիս ես, առաջին հեքիաթային զգացողությունը, որ իմ վրա ազդեց հենց էս գյուղում էր՝ հա՛մ ճանապարհի վրա է, համ էլ կարծես աշխարհից լրիվ կտրված, ժամանակը իրան չի կպել, ինքը մի տեսակ շատ էթնիկ վիճակում է։ Իհարկե, մեկը նայեր, կասեր՝ «վայ էս մեր Լոռվա մարզի գյուղերը ինչ աղքատ վիճակի մեջ են, ինչ ծայրահեղ վիճակի մեջ են», մեկը տենց կասեր, ես էլ նայեցի, ասեցի՝ «սա հրաշք է ու հեքիաթը ստեղ է»։ Ես որ ասում էի՝ «ստեղ ես էս տունը առել եմ այս գոմի համար», գիտեին թե ձեռ եմ առնում, ծիծաղում եմ, գոմն էլ՝ կիսաավեր, փլատակ, հին տեխնոլոգիաներով, արանքում ծեփվածքներ աթարով, այսինքն շատ հին մի բան է։ Չմոռանանք գոմը ինչքան հրաշք է, որովհետև Հիսուսն է ծնվել գոմում, Աստված ծնվել է գոմում, ուրեմն մի մեծ խորհուրդ կա էստեղ», - նշեց Բաղրամյանը։
Հայկական մշակույթը, ծիսակարգերն ու ավանդույթները ներկայացնում է ոչ միայն գյուղի բնակիչներին, այլև հյուրերին։ Գյուղացիներն իրենց ձեռքերով պատրաստում են թոնրի հաց, սարի խոտաբույսերով թեյեր, անարատ գյուղմթերքով ուտելիք։ Այսօր Հեքիաթի տունը Զատկի տոնին էր պատրաստվում։ Ավանդական եղանակով ձու էին ներկել, գաթա թխել, չամչով փլավ եփել ու ծիսական տիկնիկներ պատրաստել։
Հասմիկ Բաղրամյանն ապրել է արտերկրում, շրջել տարբեր երկրներում։ Ցավով նշում է, թե հայկական մշակույթը ոչ միայն աշխարհին լավ ներկայացված չէ, այլև անպաշտպան է ու կորստի եզրին։
«Տարեց տարի, օրեցօր զգում եմ, որ ինքը ոչ թե փրկության ճանապարհին է, այլ՝ դեգրադացիայի, ավելի ու ավելի վատ վիճակի մեջ է ինքը ընկնում։ Երևի սա բնական պրոցես է, որովհետև ինչ-որ մի բան սխալ է, եթե ինքը ճիշտ գնար, մեր մշակույթը ճիշտ ուղով գնար, սենց չէր լինի։ Այսինքն ինչ-որ մի բան մեռնում է, որ ծնվի նորը։ Պետք է նոր մոտեցում լինի մշակույթին։ Էն, ինչ որ մենք էսօր տեսնում ենք ավելի շուտ մոլախոտ է քան, մշակույթ, որը երևի պիտի մեռնի, թող մեռնի։ Ինքը մոլախոտային կարգավիճակում է, մենք պիտի թողնենք մեր հայացքը, մենք պիտի հասկականք, որ 21-րդ դար ենք եկել, իսկ 21-րդ դարը իր պահանջներն ունի», - ասաց նա։
Փամբակում հեքիաթի մի փոքրիկ անկյուն ստեղծած երաժիշտն ուզում է հավատալ, որ մանկապարտեզ չունեցող այդ գյուղի երեխաները մի օր համոզվելու են, որ ապրում են իրական հեքիաթում։