Չեմ կարող ասել՝ Սերժ Սարգսյանը որևէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե չի մեղադրվի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար պետք են շատ լուրջ հիմնավորումներ. երեկ ավելի քան երկու ժամ տևած ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մինչև այսօր ոչ մի քրեական գործով մեղադրյալ չէ։

«Էս տողատակում ես կարդում եմ հետևյալը՝ «ըհն, դուք կարո՞ղ է Սերժ Սարգսյանի հետ թաքուն պայմանավորվածություն ունեք և թաքուն պայմանավորվածությունների բերումով իրեն ձեռք չեք տալիս»։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն ասում եմ, ինչպես նախկինում եմ ասել՝ ես չեմ կարող այդպիսի խաղիկների մեջ լինել. սա եկեք միանշանակ և մեկընդմիշտ արձանագրենք։ Ես հիմա չեմ կարող ասել՝ Սերժ Սարգսյանը որևէ հանցագործության մեջ կմեղադրվի, չի մեղադրվի։ Ես ասել եմ՝ ես քննիչ կամ դատախազ չեմ, բայց ես կարող եմ երաշխավորել՝ էն պահին, երբ որ մեղադրելու համար բավարար հիմքեր լինեն, դրա համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չի լինի։ Եթե ես որևէ մեկի հետ կուլիսային պայմանավորվածություն ունենամ, նշանակում է, որ ոչ միայն հեղափոխությունն է անիմաստ, նշանակում է՝ իմ ապրած ամբողջ կյանքն է անիմաստ», - նշեց Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաև օրեր առաջ մաքսատան աշխատողին աշխատանքից հեռացնելու միջադեպի հետ կապված օգտատերերից մեկի հարցին։ Իրավապաշտպանների սուր քննադատություններից, քաղաքացիների մոտ առաջացած մեծ վրդովմունքից հետո անգամ, վարչապետը հայտարարում է՝ այդ օրը ճիշտ է վարվել և կայացրել է ճիշտ որոշում։

«Կարող է մի մարդու համար, այդ մեր հայրենակցի համար, ով ազատվեց աշխատանքից, գուցե իր համար շատ էր, ոչ թե գուցե, այլ հաստատ՝ իր համար, որպես մի անհատ, իր համար, էսպես ասած, դոզան շատ էր, նա ինձ համար ընդամենը սիմվոլ է պետական պաշտոնյայի, ով անարգում է դրոշը, և ես էդ մի մարդուն չեմ ազատել գործից, ես ազատել եմ գործից բոլոր էն պետական պաշտոնյաներին, ովքեր անարգում են դրոշը, և դա սիմվոլն է։ Ինձ թվում է՝ բոլոր էդ պետական պաշտոնյաները էս ուղերձը հասկացել են։ Եթե պետք լիներ այդ ամբողջ կառույցը լուծարել, ես կլուծարեի հանուն դրոշը՝ պետականության սիմվոլը, պահպանելու։ Ուզում եմ նախապես ասեմ՝ եթե ես որևէ տեղ մտնեմ և էդպիսի վիճակում դրոշ տեսնեմ, իմ ռեակցիան լինելու է նույնը, ինչ մակարդակի պաշտոնյա լինի՝ տեղում ազատվելու է աշխատանքից», - ասաց վարչապետը։

Օգտատերերից մեկն էլ հարց էր ուղղել, թե ինչո՞ւ է մինչ օրս անցումային արդարադատությունը մնում միայն խոստում, ի՞նչ քայլեր են արվում այն իրականացնելու համար, արդյո՞ք բացակայում է քաղաքական կամքը։ Փաշինյանն ասաց՝ չեն կարող մի քանի ամսում այդպիսի մեխանիզմ ներդնել, դա պետք է մանրամասն քննարկվի, փորձաքննությունների տրվեն, որովհետև «մենք կարող ենք դեպք ունենալ, որ ունքը սարքելու տեղը աչքն էլ հանենք»։

«Ի վերջո, մի մոռացեք, որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե մենք հիմա գնանք, բռնենք բոլորին դատենք, բոլորին անցումային արդարադատության ենթարկենք և այլն, վաղը էդ գործերը գնալու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և եթե էդ գործերով մենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվենք, էլի էն պրոցեսները, որ գնացել են, պիտի նորից հետ պտտվեն, և արդյունքում կստացվի, որ ոչ մի բան չարեցինք։ Ոչ մի բան չարեցինք, որովհետև մենք մտածում ենք, որ պետք է արագ ինչ-որ բաներ անենք։ Քաղաքական կամքը կա և դա լինելու է», - պատասխանեց կառավարության ղեկավարը։

Փաշինյանը հավելեց նաև՝ անցումային արդարադատության թեմայով լիազորությունը խնդրել են, որ իրականացնի խորհրդարանը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության ներգրավմամբ, որպեսզի իրենք հավասարակշռված քայլերով առաջ գնան: