Մեզ հասած հուշարձանները ունեն փայտե ծածկեր, որոնք հրդեհի դեպքում շատ մեծ վնաս կկրեն. Մշակույթի փոխնախարար

Պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքը Երևանի Հանրապետության հրապարակում, արխիվ

Ֆրանսիայի մայրաքաղաքում օրերս տեղի ունեցած ողբերգությունը մտորելու առիթ է տալիս շատերին: Որքանո՞վ է ապահովված ցանկացած պատմամշակութային կոթող հրդեհի արհավիրքից, մասնավորապես, մեզ մոտ՝ Հայաստանում: Որքանո՞վ են պատմամշակութային հուշարձանների անվտանգության նորմերը մեզ մոտ համապատասխանում միջազգային չափանիշներին:

«Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում Մշակույթի փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանը շեշտեց. «Փարիզի Աստվածամոր տաճարն էր համապատասխանում միջազգային նորմերին, բայց եղավ այն, ինչ որ եղավ։ Երբ որ հրդեհը բռնկվում է, այրում է նաև այդ նորմերը»։

«Ազատության» հարցին, թե այնուամենայնիվ, որքանո՞վ են պաշտպանված մեր պատմամշակութային արժեքները, փոխնախարարը պատասխանեց. «Կարծիքը, որ մեր եկեղեցիները քարից են, ճիշտ է, սկսած չորրորդ դարից, իրոք, մենք սկսեցինք եկեղեցիների ծածկը քարից անել, բայց աշխարհիկ կառույցները մինչև 20-րդ դարի կեսեր փայտից էին արվում։ Նույնիսկ սովետական ժամանակաշրջանի կառույցների ծածկերը փայտից են։ Էրեբունուց սկսած, այսինքն՝ [մ.թ.ա.] 8-րդ դարից սկսած հիմնականում ամեն ինչ էր փայտածածկ, այնտեղ հիմնական շինանյութը փայտն էր, միայն հիմքերն էին քարից, որից ենթադրվում է՝ քանի սյուն է եղել և այլն, այսինքն՝ պահպանվում են զուտ այդ հիմքերը։ Դրանից սկսած աստիճանաբար փայտը զիջել է քարին, էսպես ասած, մինչև չորրորդ դարում սկսեցինք հոգևոր կառույցները, որոնք ավելի արժեքավոր են համարվում, կառուցել ամբողջական քարից, որպեսզի մեր թշնամիները չայրեն, որովհետև Հայաստանում էդ խնդիրը միշտ եղել է <...>։ Ասեմ, որ էն ժամանակ էլ սկսեցին պատերը կառուցվել քարից, բայց ծածկերը՝ փայտից»։

Մշակույթի փոխնախարարի խոսքով՝ 20-րդ դարի սկզբին քաղաքաշինությունը Հայաստանում մեծ զարգացում ապրեց, բայց անգամ Թամանյանի օրոք ու նրանից հետո էլ՝ 60-ական թվականներին բավական շատ էր գործածվում փայտը որպես շինանյութ:

«Մեզ հասած հուշարձանները, մենք որ ունենք, օրինակ՝ Պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը՝ նույն շենքում, ունենք փայտե այդ ծածկերը, որոնք նույնպես հրդեհի դեպքում շատ մեծ վնաս կկրեն, Աստված մի արասցե՝ այնտեղ հրդեհ լինի», - ասաց Գալստյանը։

Տիգրան Գալստյանի խոսքով՝ ցանկացած քաղաքում հրդեհի արհեստածին պատճառ կարող է լինել հրավառությունը: Գաղտնիք չէ, որ մեր օրերում մեր համաքաղաքացիներից շատերը՝ մեծահարուստները, նաև իշխանությունները, պատվի խնդիր են համարում այս կամ այն առիթով հրավառություն կազմակերպել, իսկ դա հատկապես Հանրապետության հրապարակում պարզվում է հղի է լուրջ վտանգով:

«Մեր մոտ կա՝ մեր պետությունում, շատ վատ սովորույթ, որ հրավառությունները կազմակերպում էին Ազգային պատկերասրահի, Պատմության թանգարանի տանիքից, երևի ավելի տպավորիչ դարձնելու համար, քանի որ հրապարակի նկատմամբ բարձր դիրք ունի, բայց փոփոխություններից հետո, այսպես ասած, ես կտրուկ դեմ գնացի այդ քայլին, որ չի կարելի թույլ տալ, որ Պատմության թանգարանից կամ Ազգային պատկերասրահից արգելվի հրավառություն կազմակերպել։ Նորընտիր Երևանի քաղաքապետը համաձայնվեց, չնայած որ հրավառության գնումները արդեն արված էին, երբ նա դարձավ քաղաքապետ, և նախատեսված էր այդ տանիքից խփելու համար, բայց կազմակերպվեց այլ տեղից՝ ավելի քիչ տպավորիչ, բայց շատ ավելի ապահով», - նշեց փոխնախարարը։