Հյուսիային Կորեան հայտարարել է, թե այլևս չի ցանկանում գործ ունենալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ, և պահանջել է նրա փոխարեն մեկ ուրիշին ուղարկել բանակցությունների:
Հյուսիսկորեական պետական մամուլը գրել է, թե «Փոմփեոյին պետք է փոխարինի մի ավելի զուսպ և հասուն քաղաքական գործիչ»:
Այդ հայտարարությամբ Փհենյանը հանդես է եկել նոր հրթիռ փորձարկելուց հետո: Դրան նախորդել են միջուկային հարցի շուրջ ապարդյուն բանակցություններ: Հյուսիսային Կորեան ամիսներ շարունակ որևէ փորձարկում չէր անցկացրել:
Փհենյանը հայտարարել է, որ առաջնորդ Կիմ Չեն Ընն անձամբ ներկա էր նոր հրթիռի փորձարկմանը:
Մինչդեռ, ամերիկացիները պնդում են, որ փորձարկված հրթիռը միջմայրցամաքային չէ, հետևաբար, Վաշինգտոնն անհանգստանալու կարիք չունի: Այդ մասին՝ չմանրամասնելով, ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիք Շանահանը:
Հյուսիսային Կորեայի մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է, թե «Վաշինգտոնը բանակցությունների ձախողումից պետք է դասեր քաղի, քանի որ դրանք կտապալվեն, եթե Փոմփեոն նորից փորձի քիթը խոթել այդ հարցերի մեջ»: