Մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել․ Սամվել Բաբայան

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պնդում է, որ 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ընթացքում «ժողովրդի վրա կրակելու» հրամանը Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի տվել:

«Եղել ա տասը սպանություն մարտի 1-ին: Մեզ պետք ա [իմանալ, թե] էդ սպանությունները ով ա հրահանգ տվել, ով ա կատարել, բացահայտվի: Կա՞ որևիցե բան որ բացահայտվել ա էդ հատվածով: Չկա: Ես համենայն դեպս չգիտեմ մեկին, որ ձերբակալել են, որ խփել ա, կամ ո՞վ ա էդ հրամանը տվել Ներքին գործերի նախարարին: Կամ այլ ուժերին ով ա էդ հրամանը տվել, որ ժողովրդի վրա կրակեն: Չի երևում: Ապա հարց ծագում․ ի՞նչ մարտի 1-ից են խոսում», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Բաբայանը:

«Ազատություն» հարցին, թե իր կարծիքով կարող էր որևէ մեկը Քոչարյանի օրոք առանց նրա գիտության հրաման տալ կրակել ժողովրդի վրա, Բաբայանն արձագանքեց․ - «Ես վստահ եմ, որ հրամանը չի եղել իրանից: Մնացածը դուք մտածեք: Մենք մոռանում ենք, որ ընտրություն էր եղել էդ ժամանակ, արդեն Քոչարյանը հանձնման փուլում էր, տասը օր էլ անցել էր: Մնացածը դուք մտածեք»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե սլաքը տանում է Սերժ Սարգսյանի ուղղությամբ, բանախոսը պատասխանեց․ - «Դուք անունը տալիս եք, հեսա ինձ ասելու եք․․․ Քննություն ա գնում: Ես հո չե՞մ ուղղորդելու քննությունը, ասեմ՝ գնացել սրան քննեք: Հարցը գնում ա սպանությունների, էս տասը մարդու խնդիրը, ո՞վ ա հրահանգ տվել, ո՞վ ա կրակել: Դեռ քննությունում ինչ որ կա, ասենք, Քոչարյան Ռոբերտին էսօր քննում են, ասում են՝ ինքը չի հրահանգ տվել: Քննչական խումբը հայտարարել ա օֆիցիալ, որ սպանությունների հետ էս մարդը գործ չունի: Ինչի՞ համար եք դատում, եթե գործ չունի: Ասում ա՝ սահմանադրական կարգը խախտելու: Ասում եմ՝ լավ, կբերեք դատարան, տեսնենք էդ ինչի մասին ա խոսքը, պատկերացում ունենանք: Իմս էլ․ ինձ ձերբակալել էին, ասում էին՝ Վրաստանից ռակետա ա բերել, չգիտեմ ատոմնի բոմբ ա բերել․․․ հետո պարզվեց, որ ոչ մի բան ոչ մի տեղից չի բերել»:

«Ազատըությունն» այսօր հարցում ուղարկեց Հատուկ քննչական ծառայություն․ արդյո՞ք ՀՔԾ որևէ ներկայացուցիչ երբևէ հայտարարել է, որ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների հրահանգը Ռոբերտ Քոչարյանի չի տվել: Պատասխանեցին հետևյալը․ - «Ընդամենը ասվել է, որ Ռոբերտ Քոչարյանին սպանություն չի մեղսագրվել»:

«Ազատությունը» Սամվել Բաբայանին հարցրեց, թե ինչի հիման վրա է ձևավորվել իր վստահությունը, որ ցուցարարների վրա կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել, նաև՝ ո՞վ կարող էր նման հրաման տալ Քոչարյանի նախագահության օրոք:

Բաբայանի պատասխանը․ - «Առաջինը: Վստահ եմ, որովհետև դա հայտարարել ա քննչական խումբը: Եթե ունենար որևիցե մի կետ, որ հնարավոր ա, որ Քոչարյանն ա արել, նա չէր հայտարարի: Քննչական խումբը, վարչության ղեկավարը: Երկրորդը, ինչ վերաբերվում ա նախագահ լինելուն: Նոր նախագահ էր ընտրված, գործը գնում էր Սահմանադրական դատարանում քննվում էր, Լևոն Տեր-Պետրոսյա՞նն կրել, թե՞ էն մյուսը, չէ՞: Այդտեղ Քոչարյանի շահը ո՞րն էր: Լավ, աջակցում էր Սերժ Սարգսյանին: Բայց եթե նկատի ունեք ամբողջ քննությունը, որ գնում ա, ձեր իմացած կատարողների, բոլորը խոսում են Կառավարության շենքից: Մեկը չասեց՝ Բաղրամյան 26 են կանչել: Կառավարության շենքից են խոսում բոլորը: Իսկ այնտեղ ո՞վ էր նստած․․․ Չեմ ուզում անուններ տալ: Ես քննիչ չեմ, հարցաքննության չեմ մասնակցում: Ես ձեզ ասում եմ՝ էս շենքում նստած եմ ես, բոլորդ գալիս եք ստեղ ուկազանի ստանում: Հիմա ես եմ տվել, թե իմ տեղակալս ա տվել, էս շենքից են տվել․․․ Ռոբերտ Քոչարյանը էս շենքում նստած չի եղել: Դրա համար ա իմ վստահությունը: Ձեզ փոխանցեցի»:

0038 հրամանի առնչությամբ Բաբայանն ասաց․ - «Ըստ ընդունված որոշման, Պաշտպանության նախարարը պարտավոր էր հրաման գրել, իջեցնել ներքև: Կանոնադրությունն ա դա ասում, օրենքներն ա ասում: Այսինքն՝ Քոչարյանը չի գրում»:

2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին 10 զոհերի մահվան հանգամանքները այդպես էլ չպարզաբանվեցին, որևիցե մեկին մեղադրանք չներկայացվեց:

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացվեց սահմանադրական կարգը տապալելու մեջ, 2018 թվականի դեկտեմբերի 7-ից նա կալանավորված է:

Սամվել Բաբայանի այսօրվա հայտարարության առնչությամբ փորձեցինք արձագանք ստանալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: