Հյուսիսային Իռլանդիայում բախումների ընթացքում լրագրող է զոհվել

Հյուսիսային Իռլանդիա - Բախումները Լոնդոնդերիում, 18-ը ապրիլի, 2019թ.

Հյուսիսային Իռլանդիայում ոստիկանությունը հայտարարել է, որ «Նոր իռլանդական հանրապետական բանակ» անվամբ կազմակերպությունն է պատասխանատվություն կրում Լոնդոնդերիում հետաքննող լրագրող Լիրա ՄըքՔիի սպանության համար:

29-ամյա լրագրողն այսօր առավոտյան սպանվել է անկարգությունների ընթացքում արձակված փամփուշտից: Նա լուսաբանել է ընդհարումները, որոնց ընթացքում խռովարարները քարեր և բենզինով լցված շշեր են նետել ոստիկանների վրա:

ՄըքՔին հասցրել է Թվիթերում տեղադրել իր վերջին գրառումը՝ փոխանցելով, որ «Լոնդոնդերիում ոստիկանների և խռովարարների բախումները վերածվել են բացարձակ խենթության»:

Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության պետի տեղակալ Մարք Համիլթոնն ասել է, որ ընդհարման ժամանակ մի զինյալ կրակ է բացել ոստիկանների վրա:

«Մենք տեղի ունեցածը գնահատում ենք որպես ահաբեկչական գործողություն, որն իրականացրել են «Նոր իռլանդական հանրապետական բանակ» կազմակերպության արմատականները», - ասել է փոխոստիկանապետը:

Լրագրող Ջեյք Հանրահանը, ով այդ պահին նույնպես լուսաբանել է ընդհարումը, դեպքից հետո ասել է, որ «Լիրա ՄըքՔին հայտնվել էր խաչաձև կրակի տակ»:

Այլ ականատեսների պնդմամբ, լրագրողի վրա կրակ է բացել խռովարարների խմբում գտնվող մի դիմակավորված անձ:

Լրագրող ՄըքՔին մեծ թվով հրապարակումներ է հեղինակել Հյուսիսային Իռլանդիայում տասնամյակներ տևած բախումների թեմայով, համարվել է հետաքննող լրագրության աստղ և անցյալ տարի իր գիրքը հրատարակելու պայմանագիր է կնքել: