«Իմ քայլ»-ի և ԲՀԿ-ի պատգամավորներն ակնկալում են Սանասարյանի գործով օբյեկտիվ քննություն

Նիկոլայ Բաղդասարյան, արխիվ

«Մինչև չավարտվի այս գործը, որևէ հետևություն բերեք ո՛չ ես, ո՛չ Դուք չանենք», - ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ «Ազատության» հետ զրույցում խոսելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանքի առաջադրման և նրա լիազորությունների կասեցման մասին:

«Ինչպես հասկացա, իր պաշտոնը այսօր որոշում է կայացվել կասեցնելու վերաբերյալ, հետևաբար, ինքը, ըստ իմ տեսակետի, իրավունք ունի պաշտպանվելու լիարժեք, այդ թվում նաև՝ հրապարակայնորեն», - նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ «օրենսդրությունը չի արգելում իրեն էս պայմաններում օրենքով չարգելված բոլոր միջոցներով կազմակերպել իր պաշտպանությունը»: «Որովհետև պետք է լինեն, և դա պետք է հասարակությանը և անգամ ինձ՝ որպես պատգամավորի, այդ իրավապահ մարմինները ներկայացնեն ապացույցներ, որ ինքը առնչություն է ունեցել տվյալ հանցագործության հետ», - ընդգծեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը:

«Եթե այդ ապացույցները չլինեն օբյեկտիվ, այսինքն՝ եթե պարզվեց վաղը, մյուս օրը, որ դա ընդամենը ինչ-որ մի ցուցմունք էր մարդու՝ վերցված ցուցմունք, որն էլ վերցրել են քրեական գործի հարուցումից հետո, այստեղ ես լիքը հարցեր կունենամ իրավապահ մարմիններին: Բայց եթե պարզվեց, որ օբյեկտիվ տվյալներ են, և այդ օբյեկտիվ տվյալները ձեռք են բերվել, այստեղ հարցեր կունենամ Դավիթին ես արդեն», - ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

«Եթե պարզվեց, որ ի վերջո կլինի նման դատական ակտ կամ կլինի որոշում, որով կհռչակվի տվյալ անձի անմեղությունը, բնավ, ոչ թե միայն ես, ինձ թվում է՝ բոլոր պատգամավորները հարց ունեն տալու կառավարությանը, հարց կունենան տալու ԱԱԾ պետին: Բայց ես, այնուամենայնիվ, վերապահումով կմոտենամ, կսպասեմ ավարտին», - նշեց պատգամավորը:

Գևորգ Պետրոսյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, իր հերթին, հայտարարեց․ - «Ոչ թե որպես ընդդիմության ներկայացուցիչ, այլ որպես Հայաստանի քաղաքացի, որպես իրավաբան՝ ես շահագրգռված եմ անձամբ, որ ցանկացած մարդ հետապնդվի, եթե դրա համար կան բավարար իրավական հիմքեր»:

«Ես առիթը բաց չեմ թողել, եթե դրա կարիքը եղել է, քննադատական խոսք հնչեցնել նաև Ձեր նշած անձի, այսինքն՝ Պետական վերահսկողական ծառայության պետի նկատմամբ: Բայց էստեղ պետք չի անձնավորել: Եթե նրա նկատմամբ հետապնդումը իրավաչափ չէ, ուրեմն՝ ես շատ ուրախ կլինեմ, որ նա արդյունքում չհետապնդվի, և չի կարելի որևէ մեկին անձնական նկատառումներով հետապնդել: Բայց չեմ կարող էսօր ես հաստատված համարել նաև իր կարծիքը, որ իր նկատմամբ հետապնդում է սա՝ ոչ իրավաչափ, քանի որ ինքը տրորում է որոշ մարդկանց ոտքերը», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Պետրոսյանը:

«Էստեղ պետք է միշտ, ես ինչպես ասում եմ նաև այլ անձանց հետ կապված, պետք է հարգել անմեղության կանխավարկածի սկզբունքը, պետք է հավաստիության կանխավարկածով մոտենալ պետական մարմինների գործողություններին ու որոշումներին, քանի դեռ հակառակը ապացուցված չէ», - ընդգծեց ԲՀԿ պատգամավորը:

«Նորից եմ ասում՝ եթե Դավիթ Սանասարյանը հետապնդվում է ոչ իրավաչափ, ապա մենք խոսում ենք Նոր Հայաստանի մասին, և մեր դատարանները պետք է գտնվեն իրենց բարձրության վրա և ոչ իրավաչափ հետապնդումը դադարեցնեն, եթե անգամ գործը հասնի դատարան», - ամփոփեց Գևորգ Պետրոսյանը:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ հայտնեց, որ Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին: Սանասարյանը ստորագրություն է թողել երկրից չհեռանալու մասին, նրա լիազորությունները կասեցվել են:

ԱԱԾ-ի կողմից հաղորդագրության տարածումից հետո Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքում գրել է, մասնավորապես, թե «միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ են, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում», ապա ավելացրել է, որ իր դեմ իրականացվողը շինծու է և «դա անգամ ապացուցման կարիք չունի»։