Ստամբուլի նորընտիր քաղաքապետը ստացել է մանդատը

Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից շուրջ երեք շաբաթ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ի վերջո արձանագրեց ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը:

Իր հիմնական մրցակցին՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմին ավելի քան 13 հազար ձայների տարբերությամբ հաղթած Իմամօղլուն նախօրեին իր մանդատը ստացավ Ստամբուլի ընտրական հանձնաժողովում:

Դիմելով իր կողմնակիցներին՝ նոր քաղաքապետը խոստացավ աշխատել 16 միլիոն ստամբուլցիների համար:

Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն գնահատելով ՏԻՄ ընտրությունները՝ հայտարարել է, թե չնայած դրանք անհավասար պայմաններում են անցկացվել, իրենց կուսակցությունը պայքարի մեջ էր մտել հույսը դնելով ժողովրդի ողջամտության վրա: Նա նշել է, որ տարբեր վարչական շրջաններում ղեկավար պաշտոններ ստանձնած կուսակիցները պատրաստ են աշխատել բոլոր քաղաքացիների համար՝ լինելով հաշվետու ու արդյունավետ:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը հաղթանակի առիթով շնորհավորել են ընտրություններին մասնակցած մյուս կուսակցությունները՝ ընդդիմության հետ դաշինք կազմած «Լավ» կուսակցությունը, ինչպես նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որի ընտրած մարտավարությունը՝ այն է Ստամբուլում թեկնածու չառաջադրելու որոշումը, մեծապես նպաստեց ընդդիմության թեկնածուի հաջողությանը:

Վերջին 25 տարում ընդդիմությունը առաջին անգամ է հաղթում Թուրքիայի ամենամեծ քաղաքում: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր քաղաքական կարիերան սկսել է հենց Ստամբուլից՝ 1994-1998 թվականներին զբաղեցնելով քաղաքապետի պաշտոնը:

Էրդողանը, մեկնաբանելով ընտրական հանձնաժողովի որոշումը, այսօր հայտարարել է․ - «Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջակետ կդնի, հարցը մեզ համար փակված կհամարվի: Հետո կշարունակենք մեր ճանապարհը: Երկրի բարօրությանը առնչվող հարցերում պետք է մի կողմ թողնենք քաղաքական տարակարծությունները, որպես Թուրքիայի դաշինք, 82 մլն բնակչության հետ միասին առաջ շարժվենք»:

Ու չնայած Էրդողանի այս հայտարարությանը, երեքշաբթի օրը «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով չեղյալ համարել քվեարկության արդյունքները Ստամբուլում և կրկնել ընտրությունները:

Կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը հայտարարել էր, թե իրենք գնում են արտակարգ բողոքարկման ճանապարհով, որպեսզի փարատեն ընտրությունների արդյունքների շուրջ կասկածները: