Առաջարկն արել էր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դժգոհ մնալով իրենց երեկվա հարցապնդմանը Ջանջուղազյանի տված պատասխաններից:
Մարուքյանի խոսքով՝ իրենք պետական կառավարման համակարգում սպասվող կրճատումների մասին տեղեկություններ էին ակնկալել, սակայն ո՛չ թվեր են նշվել, ո՛չ հստակ պատասխաններ ստացել, և նման վերաբերմունքը չէին կարող անհետևանք թողնել․ - «Պետք է պարոն Ջանջուղազյանը այստեղ նստած լիներ, որովհետև հարցը չի ավարտվել, հարցը իրեն էր վերաբերվում: Նրա չգալը նույնպես վերաբերմունք է խորհրդարանին: Եվ մենք պնդում ենք պարոն Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը»:
«Լուսավոր Հայաստանի» առաջարկին կողմ էր նաև «Բարգավաճ Հայաստանը», բայց ընդդիմության 41 կողմ ձայները չբավարարեցին նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Իշխանության դեմ ձայներն ավելի շատ էին՝ 67-ը։
««Իմ քայլը» խմբակցության կարծիքով, նման որոշում կայացնելու համար մեկ հանդիպումը բավարար չէ, որպեսզի կողմ քվեարկել այս հարցապնդման առաջարկին: Այդ իսկ պատճառով «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու», - մինչև քվեարկությունը հայտարարել էր իշխող քաղաքական ուժի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Արդեն քվեարկությունից հետո Էդմոն Մարուքյանն ասաց․ - «Իրենց խմբակցությունը պաշտպանեց, բայց դա չի նշանակում, որ այդ խնդիրը փակվեց: Որովհետև կա նախարար, որին 41 պատգամավոր չի ուզում տեսնել կառավարության կազմում: Եթե ես լինեմ վարչապետ խորհրդարանում ասաց՝ այո, նա չպիտի աշխատի Ֆինանսների նախարար: Ես եթե լինեմ վարչապետ, ու էդ կաբինետում մի նախարար 41 դեմ ձայն ստանա խորհրդարանում, կարծում եմ, կմտածեմ՝ էդ մարդը պիտի շարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ»:
Իշխանական «Իմ քայլից» Հայկ Գևորգյանի կարծիքով, եթե վարչապետը խնդիր տեսնի, անշուշտ կարձագանքի․ - «Կառավարությունը ձևավորվել է վարչապետի առաջարկությամբ, Ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է Ատոմ Ջանջուղազյանը, և Ատոմ Ջանջուղազյանը պետք է լինի Ֆինանսների նախարար, քանի դեռ այլ որոշում չի կայացվել»:
«Ազատության» դիտարկմանը, որ խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում կառավարության նկատմամբ, և Ջանջուղազյանի պատասխանը իրենց ևս կարող էր բավարարել կամ չբավարարել, Գևորգյանն արձագանքեց․ - «Անձամբ ինձ բավարարեց պատասխանը: Ես ջատագովն եմ կառավարության այսպիսի կազմի: Ես նույնիսկ ասում եմ, որ հետագայում կարելի է մտածել ավելի կրճատել նախարարությունների թիվը: Սա էն առիթը չի, որ Ֆինանսների նախարարին անվստահություն հայտնել կամ ազատել պաշտոնից»:
Այս կամ այն նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետին ներկայացնելու հնարավորությունը Ազգային ժողովի կանոնակարգն է տալիս՝ եթե կա խորհրդարանի որոշում: Հենց այդ հնարավորությունից այսօր առաջին անգամ փորձեց օգտվել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը»:
Մարուքյանն ասաց, որ հարցը դեռ հետապնդելու է՝ վարչապետին է ուղարկելու իրենց հարցապնդմանը ֆինանսների նախարարից ստացած պատասխանը․ - «Թող ինքը տեսնի՝ որ ինքը խմբակցության ղեկավար էր, այսպիսի պատասխան տար նախարարը մեզ, մենք ի՞նչ կանեինք այդ նախարարի հետ: Բնականաբար, նաև սա դաս է կառավարության բոլոր անդամներին, որ խորհրդարանի հետ հարաբերվելիս պատշաճ հարգանք և հարցերին պատասխանելու առումով մասնագիտական պատշաճ վերաբերմունք լինի: Այլապես այդ վերաբերմունքը, ինչ որ եղավ, դա վերաբերմունք է ՀՀ քաղաքացիներին, որոնք այդպես էլ չիմացան, թե քանի մարդ է կրճատվելու, այդպես էլ չիմացան, թե էդ ինչ ռեֆորմ է, ինչքան փող են ուզում տնտեսեն, ինչու են ուզում տնտեսեն, ովքեր են էդ քաղաքացիները, ովքեր հավելյալ արժեք չեն ստեղծում»:
Հայկ Գևորգյանը հակադարձում է․ - «Եթե մենք նույնիսկ շատ կոնկրետ թվեր նշեինք՝ կառավարությունը, Ֆինանսների նախարարը, ապա նրանք արդեն կասեին այդ թվերի տակ հայտնված մարդկանց անուն-ազգանունները, հայրանունները, մատնահետքերը և այլն, և այլն: Այնպես որ, այստեղ դա չի խնդիրը: Զուտ քաղաքական քայլ էր դա ընդդիմության կողմից: Շատ նորմալ եմ վերաբերվում ընդդիմության ներկայացուցչի նախաձեռնությանը»: