ԱԱԾ-ն խուզարկում է Միհրան Պողոսյանի առանձնատունն ու նախկին գրասենյակը. Պողոսյանի գրասենյակ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատանն ու նախկին գրասենյակում, տեղեկացնում է Պողոսյանի գրասենյակը:

«Սույն հաղորդագրությամբ հայտնում ենք, որ քիչ առաջ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։ Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։ Այս ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում», - ասված է հայտարարությունում։

ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին վերսկսեց օֆշորի քրեական գործի վարույթը։ Միհրան Պողոսյանը հրավիրվեց ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չներկայացավ՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության։

Ապրիլի 15-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանն օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։