Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում, այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ այս հարցերը լուծված չեն։
«Շատ կարևոր է հասկանալ մի բան, որ պարտադիր չի երկրի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը, կամ երկրի վարչապետը գնա, բոլոր տեղերը մտնի և ասի, թե որտեղ ինչ պետք է լինի։ Էդ մարդիկ այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրո՞ւմ են, թե՞՝ չէ, հեռուստացույց նայո՞ւմ են, թե՞՝ չէ, լրատվությանը ծանոթանո՞ւմ են, թե՞՝ չէ, ելույթներին հետևո՞ւմ են, թե՞՝ չէ, էդ մարդիկ հետևություններ անո՞ւմ են», - հարցրեց Փաշինյանը։
Նա նաև հարցն ուղղեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ ի՞նչ է նշանակում, որ քրեակատարողական հիմնարկներում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում. - «Կարա՞ք բացատրեք, դա ի՞նչ է նշանակում, և էդ քրեակատարողական հիմնարկի պետը դեռ շարունակո՞ւմ է աշխատել իր պաշտոնում»։
Զեյնալյանը պատասխանեց՝ իրեն այդպիսի փաստ հայտնի չէ, թե որևէ մեկի հանձնուքը չի ստուգվում։ Խնդիրներ, ըստ նախարարի, կան, բայց որևէ մեկն արտոնյալ չէ, ում խուցը չի խուզարկվում, ստուգվում։
Փաշինյանի հարցին, թե հեռախոսներ չկա՞ն քրեակատարողական հիմնարկներում, Զեյնալյանը պատասխանեց. - «Կան հեռախոսներ, մենք դրանք պարբերաբար հայտնաբերում ենք»։
Հայտնաբերելուց առաջ պետք է դրանց ներս մտնելու ճանապարհները փակել՝ արձագանքեց Փաշինյանը։
«Այսօր բազմաթիվ հանցագործություններ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվում են հենց քրեակատարողական հիմնարկներից՝ հենց էդ կապի միջոցների օգտագործմամբ», - ընդգծեց վարչապետը։