Պայմանագրային զինծառայող է մահացել՝ ինքն իրեն պատճառած հրազենային վնասվածքից․ ՔԿ

Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից Քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ այսօր ժամը 8:20-ի սահմաններում ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Նարեկ Կարենի Սաֆարյանը զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Զինծառայողը տեղափոխվել է «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ»:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով` «ինքնասպանության հասցնելը», հարուցված քրեական գործով կազմված քննչական խումբը՝ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ. Ավագյանի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր, որը գտնվում է Երևան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ, ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է Նարեկ Սաֆարյանի կենսաբանական մահը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: